Շառլ Ազնավուրը ցանկանում է հանդիպել մոսկվաբնակ տատիկի հետ, ով մետրոյում նրա երգերն է երգում՝ հայերեն և ֆրանսերեն. տեսանյութ
Ֆրանսիահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրն հայտնել է, որ ուրախ կլինի ծանոթանալ մոսկվաբնակ Լիդա տատիկի հետ և հանդիպել նրան՝ Մոսկվայում կայանալիք իր համերգից հետո:
Բանն այն է, որ թոշակառու տատիկը հայտնի է դարձել՝ Մոսկվայի մետրոյում շանսոնյեի երգերը երգելով և երբ Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել լրագրող Ալեքսանդր Չեռնիխը, ում Փարիզից զանգահարել են Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգի կազմակերպիչները, և հայտնել, որ պարոն Ազնավուրն ուրախ կլինի ծանոթանալ Լիդայի հետ և հանդիպել կուլիսների ետևում՝ համերգից հետո:
Հայտնի երգչի երկրպագու, 73-ամյա մոսկվաբնակ տատիկի մասին լուրն արագորեն տարածվել էր սոցցանցերում:
Ինչպես պարզվել է, տիկին Լիդան Ազնավուրի ստեղծագործական ջերմ երկրպագուն է: Նա երգում է ֆրանսերեն և նույնիսկ հայերեն:
Թոշակառու տատիկը հայտնել էր նաև, որ հնարավարություն չունի տոմս գնելու և արդեն 40 տարի է՝ թատրոնում չի եղել, սակայն ֆրանսիական Le Courrier de Russie թերթն արդեն իրեն տոմս է առաջարկել: Այնպես որ Լիդա տատիկը տոմսի խնդիր չի ունենա:
«Նա միայն ռուսերեն է խոսում, գուցե մենք երգենք միասին՝ հայերեն և ֆրանսերեն: Եթե ինձ հաջողվի հանդիպել Լիդա տատիկի հետ, դա իմ կյանքի ամենաանմոռանալի հանդիպումը կլինի», նշել է Շառլ Ազնավուրը:
Հիշեցնենք, որ շանսոնյեի համերգը կկայանա Մոսկվայի «Կրոկուս Սիթի» համերգասրահում՝ ապրիլի 22-ին: