Իտալահայ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսը` Ճարտարապետության ազգային թանգարանում
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 15-ին ժամը 15:00-ին կկայանա իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Լևոն Կյուրեղյանի թոռը` իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզան:
Ոչ միայն իտալահայ ճարտարապետը, այլև նրա աշխատանքները հայ հանրությանը քիչ են հայտնի, որի պատճառներից մեկը 20-րդ դարասկզբին հայերի Ցեղասպանությունն էր:
Լևոն Կյուրեղյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն նախապես զգալով ապրիլյան ողբերգությունը, տեղափոխվել է Իտալիա: Նա նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական շենքեր, եկեղեցի, դպրոց և այլ բազմապիսի շինվածքներ: Նա եղել է, ոչ միայն նախագծող ճարտարապետ, այլև հետազոտող և տեսաբան:
Ցուցադրությունը նպատակ ունի հայ հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ճարտարապետ-մտավորականի ստեղծագործությունները: Մուտքն ազատ է: