Միացյալ Թագավորությունն ուսումնասիրում է ՀՀ ՏԿԱԻՆ փորձը
Մարտի 12-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակներ գեներալ Գարրի Ջոնսոնին և ռազմական կցորդ, գնդապետ Նիք Ուիլքսին:
ՏԿԱԻ նախարարություն այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում առաջավոր փորձին:
Ողջունելով հյուրերին, Ս. Ազարյանը հանգամանալից ներկայացրեց նախարարության կառուցվածքն ու գործառույթները, ընդգծելով, որ լինելով համեմատաբար երիտասարդ կառույց` նախարարությունը մի հարկի տակ է հավաքել արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող համարյա բոլոր մարմիններին:
Գեներալ Գարրի Ջոնսոնը նշեց, որ շատ է լսել ՏԿԱԻ նախարարության, դրա արդյունավետ աշխատանքի մասին և տպավորված է լսածով.
- Մենք մտածում ենք Լոնդոնում ստեղծել նմանատիպ մի կառույց, որը կհամակարգի արագ արձագանքման բոլոր ծառայությունները, և կարծում եմ, որ այդ առումով ձեր փորձը շատ հետաքրքրիր է:
ՓԾ տնօրենի հետ հանդիպումից հետո օտարերկրյա հյուրերը եղան նաև նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ նրանց մանրամասն ներկայացվեցին կենտրոնի առաքելությունը, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը, ինչպես նաև այլ մարմինների հետ համագործակցության մեխանիզմները:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչ գեներալն այցելության ավարտին կարծիք հայտնեց, որ թե ՏԿԱԻ նախարարությունը, թե ճգնաժամային կառավարման կենտրոնը եզակիներից են աշխարհում, որ ունեն նման տեխնիկական զինվածություն և կարողանում են միավորել ու արդյունավետ համակարգել տարբեր ուժերի աշխատանքը: