211652_close_icon
views-count1648 դիտում article-date 21:00 09-03-2015

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանին

Ս. թ. մարտի 9-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Ռուսաստանի ազգա­գրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանին՝ քննարկելու 2015 թվականի ընթացքում Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանում` հայտնի ռուս ազգագրագետ Ա. Ա. Միլլերի հավաքածուի հիման վրա ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները: Ողջունելով հյուրին, նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել այս ցուցադրության իրականացմանը և աջակցել Վլադիմիր Գրուսմանի հայաստանյան այցի կազմակերպմանը: Վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպումն ամրագրվել էր 2014 թվականի դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի և ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու ստորագրած «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. մշակութային համագործակցության մասին» աշխատանքային ծրագրով: Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են կազմակերպվող ցուցահանդեսին առնչվող մանրամասներ և նախանշել ժամկետները. Միլլերի հավաքածուից ցուցադրության մեջ կներառվի 232 ցուցանմուշ, որը կհամալրվի նաև այլ թանգարանների ցուցանմուշներով: Նախնական պայմանավորվածության համաձայն երևանյան ցուցադրությունը կանցկացվի ս. թ. հոկտեմբերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ցուցահանդեսի պատկերագրքի ստեղծման աշխատանքներին, որը կներառի հակիրճ նկարագրություններով ցուցանմուշների լուսանկարները, պատմական ակնարկ և այլ տվյալներ: Հայաստանյան այցի ընթացքում Վ. Գրուսմանը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև պատմամշա­կութային կոթողներ և տեսարժան վայրեր:

Նմանատիպ նյութեր