Պահոց շրջանում կարելի է պատրաստել հետեւյալ կերակրատեսակները:
Ավելուկով ապուր: Բաղադրատոմս` 1 կապ ավելուկ, 200 գ գլուխ սոխ, 1 ճգ ալյուր, աղ, պղպեղ, բուսական յուղ՝ ըստ քիմքի:
Պատրաստման եղանակը` պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, խառնել, ավելացնել ջուր, աղ անել, թողնել եփվի՝ մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել ապուրի ջրով բաց արած ալյուր: Եփել մինչև ալրահամը անցնի:
Ավելուկով և բլղուրով ապուր: Բաղադրատոմս` 1 կապ ավելուկ, 200 գ գլուխ սոխ, 200 գ բլղուր, աղ, պղպեղ, բուսական յուղ՝ ըստ քիմքի:
Պատրաստման եղանակը` պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, ջուր, աղ, պղպեղ անել, եռալուց հետո ապուրին ավելացնել բլղուր, եփել մարմանդ կրակին մինչև պատրաստ լինելը:
Ավելուկով ոսպապուր: Չորացրած ավելուկը (կես կապ) լվանալ գոլ ջրում, մանր կտրատել: Եռացող ջրի մեջ լցնել ավելուկը, կես բաժակ մաքրած, լվացած, կիսաեփ արած ոսպը, մանր կտրատած կարտոֆիլը և սալորաչիրը: Առանձին 1 ճգ ալյուրը բացել սառը ջրով այնպես, մինչև դառնա միատարր զանգված և ավելացնել ապուրին՝ անընդհատ խառնելով: Ապա ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրարած սխտոր (ըստ ցանկության) և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց 5 րոպե առաջ ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը: