211652_close_icon
views-count1974 դիտում article-date 22:03 04-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ Սիրիայի Ժողովրդական ժողովում

Մարտի 4-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգևոր ներկայացուցիչ վարդապետ Գևորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական և գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին: Նախագահը ողջունեց դեսպան Փոլադյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որից հետո մասնակիցները քննարկեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Սիրիայի Ժողովրդական ժողովի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդեց Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Մարիա Սաադեի և այլ պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպված համատեղ նիստը` դեսպանի, նրան ուղեկցող պատվիրակության և Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և հաշտեցման հանձնաժողովների անդամների մասնակցությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նիստի ընթացքում դեսպանը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովին, որպես կարևոր հանգամանք ընդգծեց այն փաստը, որ Սիրիան, Ցեղասպանության օրերին դառնալով հանգրվան մազապուրծ հայերի համար, այսօր` 100 տարի անց, իրականացնում է նման միջոցառում երկրի օրենսդիր մարմնում: Սիրիայի Ժողովրդական ժողովի հանձնաժողովների անդամների առջև Հայոց ցեղասպանության մասին պատմական համառոտ զեկույցով հանդես եկավ Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը: Լսումների ընթացքում ելույթ ունեցան Սիրիայի Ժողովրդական ժողովի մի շարք անդամներ, ովքեր արտահայտեցին իրենց համերաշխությունը հայ ժողովրդին` մեկ անգամ ևս ընդգծելով հայերի դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում:

Նմանատիպ նյութեր