211652_close_icon
views-count1109 դիտում article-date 23:14 27-02-2015

Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում. հոգեւորական

Պահքի ընկալումը և կիրառումը զինվորական կենցաղում կարևոր գործոն կարող է լինել բարոյահոգեբանորեն պատրաստված զինվորներ ունենալու համար: Պահք հասկացողությունը իր մեջ կրում է այն միջոցներն ու եղանակները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր զինվորի հոգևոր և մտավոր կարողությունների լիագույնս դրսևորման համար: Պահքի կարևորությունը հասկանալու համար նախևառաջ պետք է պարզենք նրա նպատակը: Ինչի՞ համար են պահք պահում. կարևոր հարցադրում, որը մեզ համար հստակեցնում է պահքի կրոնական խորհուրդը և իմաստը: Պահքը սահմանվել է Աստծո կողմից մարդուն մեղքից հեռացնելու, հոգևոր տկարությունները դարմանելու համար: Մարդը իր կյանքի օրերին հիմանականում ջանում է հոգալ մարմնավոր կարիքները, անուշադրության մատնելով հոգևորը: Մարմնավոր պետքերին հաճախ չափից դուրս ուշադրություն է հատկացվում, ինչը հանգեցնում է կործանարար մոլությունների: Ուտելիքը, ըմպելիքը մեր մարմնական գոյության համար անհրաժեշտ պարագաներ են, որոնք ապահովում են մեր մարմնի բնականոն գոյությունը: Սրա համար է Պողոս առաքյալը գրում. «Ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում այլ ըստ հոգու. արդարև նրանք, որ ըստ մարմնի են, մարմինն են խորհում, իսկ նրանք որ ըստ հոգու են՝ հոգունը, քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն. Քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծո օրենքին և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» / Հռոմ.8.5-5/: Հոգու վիճակն է պայմանավորում մարդու ֆիզիկական գործունեությունը: Զինվորների համար առաջնային է զորեղ լինել, թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես, իսկ դրան կարելի է հասնել միայն մեղքի դեմ անընդհատ պայքարելով: Չէ՞ որ մեղքն է արգելք դառնում մեզ, որ հոգեպես աճենք, կատարելության ձգտենք: Մեղքը հոգու հիվանդությունն է, որը ի վերջո հանգեցնում է նաև մարմնավոր հիվանդության: Իսկ հայ զինվորը իր մեջ պետք է ուժ գտնի հաղթահարելու այն բոլոր խոչընդոտներն ու արգելքները, որոնք խաթարում են հոգու և մարմնի ներդաշնակ գոյությունը: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, նույնն է պարագան նաև հոգևորի դեպքում: Պահքի նպատակը ոչ թե սիրած կերակուրներից զրկելն է մարմինը, այլ հոգու կյանքը զորացնելն է, տկարացնելով զգացական հաճույքները: Պահեցողությամբ յուրաքանչյուր զինվոր կարող է անդրադառնալ բոլոր այն բացթողումներին և սխալներին, որոնք կարող են հոգևոր ծուլության տանել: Նյութը պատրաստեց՝ ՊԲ N զորամասի հոգևոր սպասավոր Հրաչ սարկավագ Ղազարյանը

Նմանատիպ նյութեր