Դեսպան Եգանյանը հանդիպում է ունեցել Կանադայի եզդիական համայնքի ղեկավարի հետ
Փետրվարի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ընդունեց Կանադայի եզդիական համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլիին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ և եզդիական ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Դեսպանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդի ժողովրդի ներդրումը հայկական պետականության զարգացման գործում: Արմեն Եգանյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի եզդիները մշտապես վայելել են պետության հատուկ հոգածությունն ու ուշադրությունը:
Երկուստեք մտահոգություն հայտնվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող վայրագությունների վերաբերյալ և շեշտվեց միջազգային հանրությանն առավել ներգրավելու անհրաժեշտությունը` եզդիների իրավունքները պաշտպանելու հարցում:
Կողմերը համաձայնեցին, որ Մերձավոր Արևելքում եզդի, քրիստոնյա և այլ էթնիկական կամ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարվող հանցագործությունները պետք է արժանանան միջազգային կառույցների հատուկ ուշադրությանը, իսկ մեղավորները համապատասխան պատիժ կրեն, քանի որ անպատժելիությունը բերում է նոր հանցագործությունների: