«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալներին շնորհվել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ
                        «Սևան» քրեակատարողական հիմանարկում, փետրվարի 20-ին դատապարտյալներին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով: 
Վկայականների հանձնման արարողությանը ներկա են եղել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՔԿՀ-ների, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք: Արդարադատության նախարարության անունից Արմեն Գևորգյանը շնորհավորել է ներկաներին, բարձր գնահատելով փոխգործակցությունը ՔԿՀ-ների և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի միջև: 
«Ողջունելի քայլ է, երբ դատապարտյալը անազատության մեջ գտնվելով, հնարավորություն է ունենում ստանալ մասնագիտություն, ինչի շնորհիվ ստացած գիտելիքները հետագայում կկիրառվի առօրյա կյանքում»,- ասել է Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը: Հարկ է նշել, որ ուսուցման պրոցեսը իրականացվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի օժանդակությամբ, ի դեմս տնօրեն Խաչատուր Տոնոյանի: 
«Մարդը ձեռք է բերում մասնագիտություն, ինչը հնարավորություն է ընձեռելու հետագայում, գտնվելով ազատության մեջ և ինտեգրվելով հասարակությանը, օգտագործել այն ի նպաստ իր ընտանիքի բարեկեցությանը»,- հավելել է Հիմնադրամի տնօրենը: 
Շնորհակալություն հայտնելով ներկաներին և ողջունելով դատապարտյալներին՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանն էլ կարևորել է նման միջոցառումների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում, նշելով, որ ուսուցման ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Միջոցառման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի տարածաշրջանային քոլեջի տնօրենության հետ ավելացնել ուսուցանվող մասնագիտությունների շրջանակը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

