211652_close_icon
views-count1218 դիտում article-date 15:32 15-02-2015

Ակնկալում ենք մեր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում. Վիրահայոց թեմի առաջնորդ

Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը, արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ, կայացավ հանդիպում Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտի հետ: Հանդիպմանն իր մասնակցությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա պատմական ակնարկով ներկաներին և բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց Եկեղեցու, Վիրահայոց թեմի պատմությունը, հայ եկեղեցուն և Վրաստանի հայությանը հուզող հիմնահարցերը: Սրբազան Հայրը շեշտեց նաև այն, որ հակառակ տարբեր դժվարություններին, Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխհամագործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությամբ Վիրահայոց թեմը ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում: Դոկտոր Նորբերտ Լամմերտը Թեմի առաջնորդից հետաքրքրվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական և իսլամական համայնքների փոխհարաբերությունների և հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին: Բունդեստագի նախագահը նշեց, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, հավելելով, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին, և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ-թուրքական փոխհարաբերություններին:

Նմանատիպ նյութեր