Սյունիքում կատարվել են արդյունավետ աշխատանքներ. ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ
Հունվարի 19-ից 24-ը ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հանձնաժողովների կողմից ստուգվել է Սյունիքի մարզը խաղաղ ժամանակից ռազմական դրության փոխադրելու հնարավորությունները:
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Ստուգման արդյունքները գոհացուցիչ են. մարզում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ:
ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը ամփոփելով կատարված աշխատանքները նշեց. «Սյունիքի մարզում, վերջին մի քանի ամսում, կատարվել են արդյունավետ և մեծամասշտաբ աշխատանքներ, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Սյունիքի մարզպետին, մարզպետարանի աշխատակազմին, նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներին»:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսելով համատեղ կատարված աշխատանքների մասին, ասաց. «2014թ. մայիսին իրականացվել են մարզի զորահավաքային մարմնի ոլորտային ծառայությունների ստուգումներ, որտեղ հայտնաբերվել են թերություններ և բացթողումներ: Այս կարճ ժամանակահատվածում մարզպետարանի աշխատակազմը կարողացավ հնարավորինս վերացնել թերությունները»: