Ամփոփվել են 2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները
2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Պատմամշակութային ժառանգության պահպանության իրավական հիմքերի ապահովում. Շարժական ժառանգության բնագավառում` 2012 թ. ընդունվեց «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորեց մշակութային ժառանգության մաս կազմող հնատիպ գրքերի, գրավոր հուշարձանների և պարտադիր օրինակների պահպանության և հանրահռչակման իրավական հիմքերը: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 9 որոշում, որից վերջինը` 2014 թ., այն է. «Արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» որոշումը: Ելնելով թանգարանային ոլորտը կարգավորող իրավական ակտի բացակայությունից` հաջորդը մշակվեց և ՀՀ կառավարություն ներկայացվեց «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մշակույթի ոլորտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. «Քեզ հետ Հայաստան» խորագրով համերգներ արտերկրի հռչակավոր բեմերում՝ նվագախմբերի ու անհատ կատարողների մասնակցությամբ: Հայաստանյան կոլեկտիվների համերգներ տարբեր երկրներում: Հայկական քաղաքակրթությունը ցուցադրող լայնածավալ, ինչպես նաև թեմատիկ ցուցահանդեսներ արտասահմանյան երկրներում: Մասնակցություն միջազգային փառատոների, ցուցահանդեսների և բիենալեների: Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի ցուցադրություններ տարբեր երկրներում: Միջազգային գիտագործնական համաժողովներ, գրական, երաժշտական, թատերական ծրագրեր, ցուցադրություններ և հեռուստանախագծեր: Աջակցություն ֆիլմերի արտադրությանը, գրականության հրատարակում, որոնց հիմնական մասը թարգմանական գրականություն է:
ՀՀ մշակույթի նախարարությունում՝ 2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: