Մանկատան սաներն անկեղծանում էին. դառնալու ենք ոստիկան, այլ ոչ թե պատգամավոր, քանի որ ոստիկանն է մեր պաշտպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավանդույթի համաձայն Ոստիկանության զորքերի 1033 զորամասի մեծ թվով ծառայողներ՝ զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի և Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ ժամանեցին Գավառի մանկատուն:
Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասի հրամանատարը դատարկաձեռն չէր այցելել մանկատուն: Մանկատանը բնակվող 60 երեխաների համար նրանք բերել էին մեծ քանակությամբ սնունդ, հագուստ, կենցաղային իրեր, խաղալիքներ և մինչ դահլիճում երեխաները զորամասի ծառայողների, այդ թվում՝ մեծ թվով պայմանագրային զինծառայողների առջև ելույթ ունեցան հեքիաթային իրենց կատարումներով, ճաշարանում եփվեց մատուցվող մատաղը:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Այս օրերին շատ հյուրեր ունենք, սակայն երեխաներն առաջինը սպասում են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին և Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանին, քանի որ նրանց այցելությունը մեր կրթօջախ երկար տարիների պատմություն ունի»:
Մի քանի երեխաներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երեկ մեզ մոտ էր եկել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, բայց մենք, որ մեծանանք, դառնալու ենք ոստիկան, որովհետև ոստիկանն է մեր պաշտպանը, չքավոր մարդու թիկունքին ոստիկանն է կանգնում և շատ լավ բաներ, որ իրենք անում են, շուխուր չեն անում, իսկ շատ դեպուտատներ ծաղիկը ծաղկեփունջ են սարքում, դրա համար դառնալու ենք ոստիկան»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գնդապետ Գ. Գրիգորյանը մանկատան երեխաներին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ողջույնն ու ամանորյա շնորհավորանքները, իսկ Հ. Բաբայանը` Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի շնորհավորանքները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի