211652_close_icon
views-count962 դիտում article-date 16:38 19-12-2014

Կողոպուտ կատարողը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Դեկտեմբերի 18-ին, ժամը 04.25-ին, 1965 թ. ծնված Արմեն Բ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարելով իրեն՝ ներկայացել է Արթուր անվամբ և խնդրել գումար տեղափոխել Սևան քաղաք: Համաձայնության գալով՝ ժամը 22.00-ի սահմաններում հանդիպել են Երևանյան լճի տարածքում /կոնկրետ հասցեն պարզվում է/, որտեղ Արթուրը, մեկ այլ երիտասարդի /տվյալները պարզվում են/ հետ, իջել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, իսկ վարորդը /տվյալները պարզվում են/ մնացել է ավտոմեքենայում: Արթուրն ու նրա հետ իրեն մոտեցած երիտասարդը ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել են դատարկել գրպանների պարունակությունը: Արմեն Բ.-ն խնդրել է ներկայացնել վկայականները, սակայն նրանք հրաժարվել են, ինչի հետևանքով էլ վիճաբանություն է սկսվել: Ի վերջո, Արմեն Բ.-ն վախենալով, որ կվնասեն իրեն, դատարկել է գրպանների պարունակությունը, իսկ անծանոթները վերցնելով բջջային հեռախոսը, 4.000 ռուբլի և 125.000 դրամ՝ հեռացել են, պատճառելով 161.000 դրամի նյութական վնաս: Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արագած փողոցի թիվ 28 հասցեի մոտից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Քաջիկ Դ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա խոստովանական ցուցմունք է տվել: Քաջիկ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր