Երևանում ամփոփվեցին երեխաների և պատանիների սեղանի թենիսի մրցաշարի արդյունքները. ֆոտոշարք
Երևանում ամփոփվեցին երեխաների և պատանիների սեղանի թենիսի մրցաշարի արդյունքները: Երևանից, Գյումրիից Լեռնային Ղարաբաղից, Վանաձորից և Հայաստանի այլ շրջաններից ժամանած մարզիկների մրցակցությունն անցավ բավականին թեժ մթնոլորտում:
Պատանիների մրցաշարի հաղթող Էլեն Բախչաջյանն արժանացավ 250 դրամ մրցանակի, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած Աստղիկ Գաբրիելյանն ու Անահիտ Սիմոնյանը՝ 200 և 150 հազար դրամի: Երեխաների մրցաշարի վեց մասնակիցները պարգևատրվեցին 100, 80 և 50 հազար դրամ արժողության նվեր քարտերով:
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մրցաշարը կազմակերպել է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը: Առաջնությանը մասնակցեցին հարյուրից ավելի խաղացողներ: Միջոցառումը մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների շրջանում, նրանք զգացին, որ այս սպորտաձևը ապագա ունի Հայաստանում»:
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ առաջիկայում ևս նման միջոցառումներ կկազմակերպվեն: «Ես, իսկապես, հույս ունեմ, որ մեր այս մրցույթը կդառնա ավանդական: Ամեն տարի կանցկացնենք, իսկ մարզիկների համար կլինի ստիմուլ ավելի լավ պարապելու, նորանոր հաջողությունների հասնելու համար»,-նշեց «Քրոնիմետ»-ի ներկայացուցիչ Աննա Սեդրակյանը:Հավելենք, որ սա «Քրոնիմետ»-ի և Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի առաջին համագործակցությունը չէ: Հիմնադրամի աջակցության համապատասխան գույք է ձեռքբերվել ֆեդերացիայի համար, ինչպես նաև և բարելավել են շենքային պայմանները: