1194 դիտում
20:48 05-12-2014
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը տոնում է իր 15-ամյակը
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ այսօր բուհում տեղի է ունեցել համալսարանի գիտամանկավարժական աշխատողների և ուսանողների ընդհանուր համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ բուհը հանդիսանում է ՀՀ կրթական տարածքի առաջատար օղակներից մեկը: "Ներկայումս համալսարանը թևակոխում է բուհի զարգացման նոր փուլ` փորձարարական, հետազոտական բուհի կարգավիճակ ձեռք բերելու դժվարին գործընթաց: Հուսով եմ, որ բուհը կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման այցեքարտը: Այդ համատեքստում ցանկալի կլիներ, որ երկու երկրների կառավարությունները մեծացնեն բուհին հատկացվող ներդրումները: Վերջին տարիներին ռուսական կողմը, վերարժևորելով բուհի դերը, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է անում բուհի զարգացման գործում: Իր ներդրումը կավելացնի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթությունն առաքելություն ունի ոչ միայն աշխատաշուկայի կադրային խնդրի լուծման, այլ նաև երկարաժամկետ ինտեգրացիոն նախագծերի հիման վրա միջմշակութային հաղորդակցության կայացման հարցում: Բացի այդ, ևս մեկ լավ նորություն. այս տարվանից բուհը հնարավորություն է ստացել իրականացնել նաև հայալեզու կրթական ծրագրեր",-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով նաև բուհի կարևորությունը եվրասիական տնտեսական միության ընդհանուր կրթական տարածքի համատեքստում:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում նշել է, որ բուհի 15-ամյակը յուրահատուկ տոն է և ամփոփում` ուսումնական հաստատության նվաճումներն արձանագրելու և ապագա ծրագրերը նախանշելու տեսանկյունից: "Իսկ ծրագրերը բազմաթիվ են` երկարաժամկետ և խոստումնալից: Համալսարանի առաջիկա տարիների զարգացման ուղղությունները, մասնավորապես, ներառում են տեխնիկական, ինժեներական և բնական գիտությունների մասով ռուսաստանյան առաջատար համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը",-նշել է ռեկտորը:
Հոբելյանի կապակցությամբ համալսարանի գիտամանկավարժական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների: Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ ՀՌՀ պրոռեկտոր, հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն, համակարգային ծրագր. ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Եղիազարյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. դոկտոր, դոցենտ Արմինե Սիմոնյանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի` Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն, գովազդի ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. թեկնածու Նինա Կևորկովան պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով":
Նմանատիպ նյութեր
3102 դիտում
23:16 30-04-2021
«Գլաձոր-30». հոբելյանական բարձունքից. Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2403 դիտում
17:55 20-12-2018
Հայ-Ռուսական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս»-ը ներդնում են նոր մագիստրոսական ծրագիր
2076 դիտում
20:53 06-12-2021
Հայ-Ռուսական համալսարանը և Ռուսաստանի օլիմպիական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր