Stop Domestic Violence. Ծեծում է` ուրեմն սիրո՞ւմ է. տեսանյութ
Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդիա Մուրադյանի գործն արդեն 2 տարի դատարանում է: Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում քննվող առանձնակի դաժանությամբ և անչափահաս աղջիկների ներկայությամբ տեղի ունեցած սպանության գործը տեղից չի շարժվում: Կանանց իրավունքների պաշտպաններն ահազանգում են, որ բռնության մասին լուրերն ավելացել են, սակայն չկա հետազոտություն, թե պատճառը որն է` դեպքերն են ավելացել, թե այդ մասին սկսել են ավելի շատ խոսել: Հոգեբանի կարծիքով` բարձրացել է կանանց իրավագիտակցությունը և նրանք սկսել են ավելի շատ դիմել իրավապահների կամ հասարակական կազմակերպությունների օգնությանը:
Ծեծում է` ուրեմն սիրում է. մոտեցումը հոգեբանի կարծիքով հնացված մոտեցում է: Կանանց իրավունքների կենտրոնն այս տարի ստացել է 1400-ից ավելի ահազան` հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական բռնության մասին: 2007-ից կանանց իրավունքների կենտրոնը օրենքի նախագիծ է մշակել ու ներկայացրել կառավարությանը, այն տարբեր պատճառներով մերժվել է:
Նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրը, մեկնարկում է ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակը: Մինչև դեկտեմբերի 10-ը Երևանում և մարզերում կիրականացվեն բողոքի ակցիաներ, իրազեկման երթեր ու իրավական դասընթացներ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37539]Armnewstv.am[/url]