Հովիկ Աբրահամյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկել է հայ-թուրքմենական համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենստանի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի եւ Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:
Կողմերը կարեւորել են առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը եւ անհրաժեշտ համարել գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված առկա ներուժի իրացմանը:
Հայաստանի վարչապետը եւ Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: