17715 դիտում
22:18 17-11-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցեցին Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեցին Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ուսանողներին՝ տոնական օրվա առթիվ և նշել.
«Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային տոնի, ինչպես նաև օրեր առաջ նշված Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Դուք նախանձելի տարիքում եք, երբ ամեն ինչ դեռ առջևում է, երբ շատ են երազանքներն ու ծրագրերը: Ես ձեզ համարձակություն եմ մաղթում՝ գնալու ձեր երազանքների ու նպատակների հետևից: Մի՛ վախեցեք համարձակ նպատակներ դնել, բայց իմացե՛ք, որ դրանց իրականացումը պահանջում է մեծ նվիրում ու աշխատանք:
Ես գրեթե ամեն օր հանդիպում ու զրուցում եմ մեր կամ արտերկրյա գործարարների հետ, ովքեր իրենց բիզնեսն են պատրաստվում ընդլայնել կամ ներդրումներ կատարել Հայաստանում: Գրեթե բոլորի մոտ Հայաստանում աշխատելու մոտիվացիան նույնն է. նրանք բոլորը պնդում են՝ Հայաստանում կարողանում են որակյալ արտադրանք տալ: Սա, իրոք, ճշմարտություն է, որովհետև մեր երկրում մարդիկ գիտեն ու սիրում են աշխատել: Գիտեն նվիրված ու ստեղծագործաբար աշխատել:
Այս բնատուր շնորհքը՝ մեր ժողովրդի աշխատասիրությունը, Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկն է: Սա նոր չի ի հայտ եկել: Մենք միշտ էլ այդպիսին ենք եղել: Դուք էլ եք այդպիսին, եթե նույնիսկ դեռ չեք գիտակցում այդ մասին: Այլ կերպ լինել չեք կարող. դուք լավ աշխատողներ ու ստեղծողներ եք լինելու, որովհետև ձեր ծնողներն ու պապերն են այդպիսին եղել: Բնությունից եք այդպիսին: Հիմա ձեր աշխատասիրությունը պետք է դրսևորվի ուսման մեջ՝ վաղն արդեն մեր երկիրն ու տնտեսությունն առաջ տանելու հարցում:
Բայց հանկարծ չմտածեք՝ մենք այսպես նստելու ենք սպասենք, թե դուք երբ եք մեծանալու, որ մեր երկրի խնդիրները լուծեք: Նույնիսկ չերազեք: Մինչև դուք ամրանաք, մենք բոլորովին այլ երկիր ենք հանձնելու ձեզ: Այսօր մենք բոլոր ուղղություններով ընդլայնում ենք մեր արտադրածն ու ստեղծածն իրացնելու հնարավորությունները, լայն շուկաների հասանելիությունը: Վաղն արդեն նոր արտադրանքն ու ծառայություններն են գալու լրացնեն այդ շուկաներում ներկայանալու մեր ներուժը:
Սիրելի՛ երիտասարդներ
Սերնդափոխությունը բնության օրենքն է: Ամեն սերունդ ունի առաքելություն, որ հաճախ արմատապես տարբեր է նախորդ սերնդի արածից, ապրելակերպից ու գործելակերպից: Բայց շատ բանով նման է, որովհետև շարունակություն է: Եղե՛ք արժանի շարունակողը լավ գործերի, ոչ թե գործեք իներցիայով:
Դրա համար պետք է լինել որակապես տարբեր. ավելի ուժեղ և՛ հոգեբանորեն, և՛ մտավոր ունակություններով: Ապրե՛ք ձեր ժամանակի մեջ՝ ձե՛ր ժամանակի չափանիշներով: Համարձակորեն դեմ գնացեք իրենց դարն ապրած ավանդույթներին:
Բայց հիշեք՝ որպես քարերի վրա քանդակված անբեկանելի պատգամ, որ ընտանիքը, հավատարմությունը, բարոյականությունն ու հայրենասիրությունը չեն հնանում երբեք և չեն հնանալու: Ընտանիքը հայության առաջին ու վերջին ամրոցն է: Եթե խարխլվեցին դրա հիմքերը, չեք ունենա ոչինչ. ո՛չ Հայաստան, ո՛չ հայություն, ո՛չ էլ անձնական երջանկություն:
Երբ մենք ուշադիր նայում ենք, թե տարբեր ժամանակներում ու երկրներում ինչ առիթներով են երիտասարդները և ուսանողները ելնում պայքարի, թե ինչ հողի վրա են բախվում հայրերի ու որդիների սերունդները, ապա մեկ բառով կարելի է ասել, որ դա պայքար է հանուն արդարության:
Այո՛, արդարությունն ինչ-որ տեղ վերացական բառ է, բայց շատ որոշակի է տարբեր սերունդների ընկալումների մեջ: Փորձեք հասարակությանը պարտադրել արդարության ձեր ընկալումը թե՛ մասնագիտության մեջ, թե՛ մնացած բոլոր ասպարեզներում: Բայց փորձեք դա անել՝ դիմացինին լսելով:
Սա կարևոր է, որովհետև նախ և առաջ տեսնել և լսել չցանկացողների բանավեճերն արդյունավետ չեն: Եվ երկրորդ. ոչ քիչ երկրներ են կործանվել և տասնամյակներով հետ շպրտվել իրենց զարգացման ճանապարհից հենց այն պատճառով, որ փորձել են արդարություն պարտադրել՝ միմյանց չլսելով:
Համոզե՛ք, քարոզե՛ք, բարձրաձայնե՛ք այն, ինչը դուք ճիշտ եք համարում, որովհետև վաղը դուք և ձեր երեխաներն ապրելու եք այն միջավայրում, որն ինքներդ այսօր ձևավորում եք: Փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները գլխացավանք չեն, ճիշտ հակառակը՝ նրանց գոյությունը բնության օրենքն է, զարգացման հիմնական խթաններից մեկը: Ավելին՝ փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները համակրելի են՝ ի տարբերություն հեղափոխական ծերունիների:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ ձեր տոնի կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում ուսման մեջ ու կյանքում»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+
Նմանատիպ նյութեր
791 դիտում
13:00 25-05-2015
Տարոն Մարգարյանը մասնակցել է սլավոնական գրի և մշակույթի օրվան նվիրված տոնակատարությանը
24617 դիտում
19:50 15-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ անցել են «ընդհատակ». ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1020 դիտում
13:20 17-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ