211652_close_icon
views-count879 դիտում article-date 15:30 17-11-2014

Պրահայում ՀՀ դեսպանության հովանու ներքո բացվել է Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Նոյեմբերի 12-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Հանդիսավոր արարողությունը բացեց «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության գլխավոր տնօրեն Վիլմա Անիժովան։ Այնուհետև ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չեխիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Կատերժինա Կալիստովան և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Նախարար Պողոսյանը նշեց հայ մշակույթը Չեխիայում ներկայացնելու կարևորությունը և ցուցահանդեսը համարեց մի փոքրիկ Հայաստան հիասքանչ Պրահայի կենտրոնում` ավելացնելով, որ հայ նկարիչներն իրենց հետ հայրենիքից բերել են Հայաստանի գույներն ու հոգին: Նախարարն առաջարկեց, որպեսզի Չեխիայի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես կազմակերպվի նաև Երևանում՝ 2015թ.: Տիկին Կալիստովան ընդգծեց, որ ցուցահանդեսը բացառիկ է բազմաթիվ տեսանկյուններից, քանզի այն հանդիսանում է չեխ-հայկական մշակութային համագործակցության առավել խոշոր նախագիծը: Այն միտված է նկարիչների ճանաչմանը ու նրանց համար երկրորդ հայրենիք դարձած Չեխիայի հանդեպ ունեցած հայացքների արտահայտմանը: Դեսպան Սեյրանյանը հանդիսության բազմաթիվ մասնակիցներին ներկայացրեց ցուցահանդեսի կատալոգը, որը տպագրվել է հայաստանյան «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից (պատրաստվել է Չեխիայում ՀՀ դեսպանության և նկարիչ Հրայր Ղարիբյանի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության և չեխահայ գործարարներ Գևորգ Ավետիսյանի ու Արամայիս Մեժլումյանի հովանավորությամբ): Ցուցասրահում և կատալոգում տեղ են գտել բազմաթիվ չեխահայ նկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատար Պետր Միկիսկան, չեխ պատգամավորներ, դիվանագետներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր