211652_close_icon
views-count855 դիտում article-date 15:15 10-11-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Վարչապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության կայացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման գործում: Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Ուրախ եմ նշել, որ այդ ակտիվությունն այսօր որոշիչ գործոն է դարձել արդյունավետ տեղական իշխանության ձևավորման գործում: Դա մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականն է: Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի: Կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարեկեցություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում»:

Նմանատիպ նյութեր