3328 դիտում
15:13 30-10-2014
Ես հետդարձի ճանապարհ չունեմ. Գագիկ Ծառուկյան. Zham.am
Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «[url=http://zham.am/am/news/36830.html]Zham.am[/url]»-ին.
[b]-Պարո՛ն Ծառուկյան, ինչպիսի՞ն են Ձեր հետևությունները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից:
[/b]
- Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են, համախմբված և վճռական տրամադրված՝ տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետևում են իրադարձություններին, ապա հետևություն պետք է անեմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունը: Ես ընդամենը արձանագրում եմ, որ երկրում կան լրջագույն դժգոհություններ, ընդ որում՝ բոլոր սոցիալական խավերում: Ձևավորվել է համաժողովրդական շարժում, և խնդիր է դրված՝ այդ շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպական լուծումներ: Միայն այդպես է հնարավոր դժգոհությունները վերածել կոնկրետ արմատական փոփոխությունների:
[b]- Դառնանք Ձեր ելույթին. որո՞նք էին դրա հիմնական ուղերձները և ու՞մ էր այն ուղղված առաջին հերթին:
[/b]
- Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Երևանի կենտրոնը հեղեղած, հանրահավաքի դուրս եկած իմ բազմահազար հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր տեսակետները, բայց առայժմ իրենց տներից և աշխատավայրերից էին հետևում հանրահավաքին, նրանց, ովքեր վերջին տարիներին ծանր պայմաններից դրդված՝ լքել են Հայաստանը, նրանց, ովքեր դեմ են այսօրվա իրականությանը, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի համոզիչ լինել, քննադատելուց և իրավիճակը գնահատելուց բացի, պետք է հստակ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում և ինչ ենք անելու առաջիկայում:
Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել սրա հետևանքները:
[b]-Երբ Դուք ասում եք՝ մեզ անհրաժեշտ են նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն, ի՞նչ է թաքնված այդ ձևակերպման տակ:
[/b]
-Ես հարցը կբաժանեմ երկու մասի. զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների և հետընթացի: Իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը և կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը և հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որևէ բան պահանջելու:
Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում:
Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում:
Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրաքատեսակները պետք է կարողանան ներկրել թե՛ 10, թե՛ 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա:
Հայաստանի Հանրապետությունը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր: Յուրաքանչյուր մարզում պետք է ձևավորել առնվազն մեկ արդյունաբերական գոտի` համապատասխան հարկային և այլ արտոնություններով:
Հայաստանը պետք է դառնա նաև ժամանակակից տեխնոլոգիաների երկիր:
Ի վերջո, Հայաստանը պետք է դառնա վերջնական արտադրանքի թողարկման երկիր, այլ ոչ` ընդամենը հումք կամ կիսաֆաբրիկատ արտահանող:
Հայաստանի տնտեսությանն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են օտարերկրյա խոշոր ներդրումներ: Ինչո՞ւ չկան այդ ներդրումները: Որովհետև չկա վստահություն, չկան երաշխիքներ, չկան ծրագրեր: Ահա՛ թե ինչն ենք մենք ուզում փոխել:
Սրանք քայլեր են, որոնք էապես կփոխեն բիզնես միջավայրը մեր երկրում: Ես և իմ գործընկերները սա՛ ենք առաջարկում հանրությանը, և համընդհանուր համախմբումը պատկերացնում ենք ոչ թե մեր անձերի, այլ՝ այս և մի շարք այլ կարևորագույն դրույթների շուրջ:
[b]-Թերևս առաջին անգամ հեղափոխական հարթակից հնչեցին հստակ ուղերձներ՝ ուղղված պետական համակարգին: Շատերն են սա արձանագրել: Ինչո՞ւ է դա Ձեզ համար կարևոր:
[/b]
-Ես ուզում եմ կրկնել և հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա: Պետական կառավարման համակարգում ճնշող մեծամասնություն են կազմում պարկեշտ և գրագետ մարդիկ, ովքեր համապատասխան պայմանների և իրենց առաջ դրվող ճիշտ խնդիրների դեպքում կարող են աշխատել մեծ արդյունավետությամբ: Քաղաքական հայացքները չպետք է անդրադառնան մարդու աշխատանքային, սոցիալական պաշտպանվածության վրա:
[b]-Դուք կարևորեցիք նաև Սփյուռքի համայնքների մասնակցությունը ներհայաստանյան կյանքին: Դուք տեսնու՞մ եք իրական կյանքում դրա մեխանիզմները:
[/b]
-Ես այսօր նույնպես դիմում եմ Սփյուռքի մեր համայնքների պատասխանատուներին: Պետք է վերանայել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի իրական ներուժը պետք է վերջապես կարողանանք օգտագործել: Սփյուռքին չպետք է նայել որպես փող մուրալու կամ «գցելու», այլ` հավասարը հավասարի հետ համագործակցելու հզոր մի ներուժի: Ես Սփյուռքի մեր համայնքների ղեկավարների և հեղինակավոր գործիչներից շատերի հետ քննարկել եմ այս հարցերը, նրանք խնդրին լավ ծանոթ են ու մտահոգ: Նրանք ամեն օր կատարում են շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք: Ես այժմ առաջարկում եմ` միասին աշխատել, համախմբել մեր բոլորի ջանքերը՝ նոր մոտեցումներով ու նոր մեխանիզմներով: Ես, իրոք, պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=http://zham.am/am/news/36830.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
11:27 01-03-2023
Ուկրաինայում պատերազմի ավարտը չի կարգավորի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները. հետդարձի ճանապարհ չկա. Ստոլտենբերգ
106803 դիտում
16:26 09-11-2020
Նրանք պահանջեցին երաշխիքներ, որ «Օհանյանը չփախչի», իսկ Օհանյանն այսօր նաեւ իրենց է պաշտպանում. Zham.am
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
937 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար