1504 դիտում
15:34 20-10-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Էսհաղ Ջահանգիրիին Իրան այցելելու հրավերի համար և համոզմունք հայտնել, որ այցը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդի փոխշահավետ գործակցությանը: «Այսօր կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, որի վառ ապացույցներից են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Համոզված եմ, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը», -ասել է Հովիկ Աբրահամյանը:
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Է.Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար: Այս համատեքստում կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը:
Կողմերը ևս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:
Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները: Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին: Այդ համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
21:41 01-06-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ֆոտոշարք
1833 դիտում
19:36 04-02-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
897 դիտում
15:35 10-03-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն
Այս բաժնից
1564 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ