211652_close_icon
views-count11028 դիտում article-date 20:11 10-10-2014

Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը այս շարժման հետ կապ չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան

Հակառակ որոշ հորինված կասկածների եւ բամբասանքների, Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ առաջնորդի խոսքով, եթե նրանք ուզում են իրենցից անկախ պայքարել «սարգսյանական ռեժիմի» դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում: Ավելին, շնորհակալ կլինեն: Ի դեպ, Լեւոն Տեր Պետրոսյանն իր ելույթը սկսեց ինքնատիպ հումորով: Առաջին նախագահը, դիմելով ժողովրդին, հարցրեց. «Ո՞նց եք, ժողովուրդ, լա՞վ եք» եւ պատասխանին, թե՝ այո՛, լավ ենք, ավելացրեց. «Որ լավ լինեիք, այստեղ ի՞նչ գործ ունեիք: Դե, ճիշտն ասեք, որ վատ ենք: Վատ որ չլինեիք, տուն-տեղ, այգի թողած այստեղ չէիք հավաքվի»: Նա նշեց, որ մինչ այժմ քառյակն ընդամենը ընդդիմադիր խորհրդարանական ուժերի դաշինք էր: Սակայն այսօրվանից եւ ի դեմս ժողովրդի քառյակի ծրագրած հանրահավաքային գործընթացին միացել են հսկայական զանգվածներ, ինչի արդյունքում այն վերածվում է համաժողովրդական շարժման: «Նորաստեղծ շարժումը գլխավորում են Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, Ժառանգությունը, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ ՀՅԴ-ն ինչ-ինչ նկատառումներով հարկ չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում այդ դիրքորոշմանը: Ինչեւիցե, կարեւորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույն հրաշալի քառյակը»,-ավելացրեց նա: Նա իր ելույթում 9 կետեր առանձնացրեց, որոնք կներկայացնենք ավելի ուշ՝ նրա ամբողջական ելույթի տարբերակով: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ հիմա վանկարկումները սխալ են եւ որ քառյակի քայլերի արագությունը եւ ժամանակացուցը միայն ղեկավարությունն է որոշում եւ առարկեց վստահել իրենց: Խնդրելով ինքնագործունեությամբ չզբաղվել՝ ՀՀ առաջին նախագահը ընդգծեց, որ լիովին հասունացել է ավազակապետությունից ազատելու եւ «Աֆյան ախոռները» մաքրելու ժամանակը: Նա հանրահավաքի ժամանակացույցը խոստացավ հայտնել առաջիկայում: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հանրահավաքը երթով շարժվեց Երեւանի կենտրոնական փողոցներով, որից հետո կրկին կվերադառնա Ազատության հրապարակ:

Նմանատիպ նյութեր