211652_close_icon
views-count756 դիտում article-date 12:17 07-10-2014

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարների տոնի կապակցությամբ

Երևանի քաղաքապետի ուղերձում ասված է. «Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ գրադարանային աշխատողների օրվա կապակցությամբ: Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, գնալով ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում: Սակայն որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, գիրքը, այնուամենայնիվ, եղել ու մնում է գիտելիքի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը ու նաև ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է վառ մնում սերը ընթերցանության, գրքի ու գիտելիքի նկատմամբ: Ձեր նվիրված աշխատանքով դուք այսօր ոչ միայն պահպանում եք գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, այլև, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ, հարստացնում եք դրանք և ի սպաս դնում մեր հասարակությանը: Քաղաքապետարանն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծի ձեր աշխատանքի և ընթերցողների համար: Դեռ նախորդ տարի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերի արդյունքում վերջնականապես լուծվեց ջեռուցման խնդիրը, ու մենք արդեն սկսել ենք շենքերի նորոգման ու հիմնանորոգման ծրագիրը: Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա, և մենք արդեն ավելի շատ հնարավորություն կունենանք համապատասխան ծրագրեր իրականացնելու գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և, իհարկե, գրական ֆոնդի հարստացման ուղղությամբ: Շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ հաջողություն եմ մաղթում ազգանվեր ձեր առաքելությանը և առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին»:

Նմանատիպ նյութեր