Լուկաշենկոն չի ցանկանում Բելառուսին սահմանակից ուկրաինայում տեսնել ԼՂ-ի նման սառեցված հակամարտություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցություն է հայտնել Ուկրաինայի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին նա հայտարարել է Euro News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ ի սկզբանե է հայտարարել, որ իր համար խորթ է հնչում Նովոռոսիայի նախագիծը` ընդգծելով, որ աջակցում է ուկրաինական պետության միասնությանն ու ամբողջականությանը:
Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում Բելառուսին սահմանակից Ուկրաինայում տեսնել սառեցված հակամարտություն, ինչպիսիք են Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը:
Լուկաշենկոն իր անհամաձայնությունն է հայտնել այն պնդումներին, թե Ղրիմը ժամանակին սխալմամբ է անցել Ուկրաինային և որ դա բնիկ ռուսական տարածք է. «Դա ճիշտ մոտեցում չէ»: Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Ռուսաստանը չի նախաձեռնել Ուկրաինայի հակամարտությունը.
«Ռուսաստանը չէ, որ նույն Մայդանում իրականացրել է կոնֆլիկտի էսկալացիա, Ռուսաստանը չէ, որ գործել է այնտեղ: Դա արել են արևմտյան երկրների մի շարք պաշտոնատար անձինք, այդ մասին գիտի ողջ աշխարհը և մենք նույնպես, որովհետև մենք մոտ ենք գտնվել: Այդ անձինք գործել են բաց` Մայդանի մասնակիցներին դրդելով բախումների»: