211652_close_icon
views-count1382 դիտում article-date 20:01 03-10-2014

«Մենք մեզ ենք պետք». Ղազախ ռեժիսորը հայերին հորդորում է չվախենալ ցուցադրել ազգային կենցաղը

Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին մասնակցում է նաեւ ղազախ ռեժիսոր Շարիֆա Ուրազբաեւան, ով նաեւ «Ոսկե Ծիրանին» մասնակցության փորձ ունի: «Հայաստանը, Երեւանն իմ երկրորդ տունն է դարձել»,- ասում է նա: Հետո շարունակում, թե ղազախների եւ այերի միջեւ ընդհանրություն կա` երկուսն էլ հյուրասեր եւ «տաք» ժողովուրդ են: Շարիֆան գոհ է նաեւ փառատոնի կազմակերպվածությունից եւ բովանդակությունից. «Կինոփառատոնը կազմակերպված է բարձր մակարդակով շատ ջերմ է վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ, ճիշտ է արված ֆիլմերի ընտրությունը` խաղարկային, վավերագրական, անիմացիոն, բնականաբար, հասուն են նաեւ կինոդիտումներին հաջորդած քննարկումները: Ես կցանկանայի եւս մեկ անգամ եւ շատ անգամներ Հայաստանում լինել»: Այստեղ Շարիֆան անկեղծացավ եւ ասաց, որ իրեն դուր է եկել հայ ռեժիսորներից հատկապես Անդրանիկ արությունյանի «Արտ հոթել» ֆիլմը, որը պատմում է հին «Արտ հոթելի» հավաքարար` 35-ամյա Կարմենի եւ հյուրանոցի այցելու, պլաստիկ վիրաբույժի միջեւ ծագած կռվի ու դրանից հետո վերաճած սիրո մասին: Ի դեպ, գործողությունները զարգանում են զուգարանում: «Ես կուզեի այս ֆիլմը Ղազախստանում ցուցադրել անպայման»,- շեշտեց նա: Անդրադառնալով հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանը՝ Շարիֆան խորհուրդ տվեց վերադառնալ ազգայի արմատներին եւ չկտրվել դրանից երբեք: «Ես կցանկանայի հայ ռեժիսորների ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային դեմքը: Թմրամոլությունը, աբորտը համամարդկային խնդիր է, անօթեւանների եւ լքվածների եւս ամեն տեղ կարելի է հանդիպել, այնպես որ՝ պետք է ցույց տալ ազգային կինո: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաեւ իրանական ֆիլմերի հաջողությունը հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Մենք չպետք է վախենանք ցուցադրել մեր ազգային կենցաղը, օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթները: Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, որ աշխարհը տեսնի, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Ոչ Եվրոպային, ոչ ուրիշ մեկին մենք պետք չենք, մենք մեզ ենք պետք»,- եզրափակեց ղազախ ռեժիսորը:

Նմանատիպ նյութեր