211652_close_icon
views-count1315 դիտում article-date 14:40 02-10-2014

Դեյր Էզ Զորի հայկական եկեղեցու պայթեցումը կրկին հաստատում է «Իսլամական պետության» վայրենի բնույթը. Նաիրա Կարապետյան

ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու փաստերին, Քեսաբի իրադարձություններին, ինչպես նաև Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցմանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում և Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ և դատապարտում ենք խաղաղ բնակչության և այդ թվում նաև` ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները և ահաբեկչական գործողությունները: Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար: Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններին, մի քաղաքի, որ կարծես անցյալ դարասկզբին Ցեղասպանության հետևանքով հայերի անմարդկային տեղահանությունների մասին ցավոտ հիշեցում էր: Այս քաղաքը և հարակից 12 գյուղերը դաժան հարձակման ենթարկած ահաբեկչական խմբերը, որ փոխկապակցված էին Ալ-Քաիդայի հետ, սահմանը հատել էին հարևան Թուրքիայի տարածքից: Ես անձամբ եմ այցելել Սիրիա, հանդիպել եկեղեցիներում ապաստան գտած փախստականների հետ: Նրանք պատմեցին, որ ահաբեկիչները պղծել են Քեսաբի քրիստոնեական եկեղեցիները, ինչպես նաև էական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչության գույքին: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ մենք ականատես եղանք մեկ այլ բարբարոսական գործողության` Արևելյան Սիրայում ահաբեկիչների կողմից պայթեցվել էր Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դա Հայոց Ցեղասպանության սուրբ հուշարձան էր, մի վայր, ուր ամփոփված էին Եղեռնի սարսափելի հանցագործության նահատակների մասունքներ: Սրբավայրում արված այս բարբարոսությունը հերթական անգամ հաստատում է այսպես կոչված “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբի վայրենի բնույթը: Բանաձևի նախագծում ԵԽԽՎ-ն հայտնում է խորին մտահոգություն, որ շուրջ 3000 երիտասարդ եվրոպացիներ են Իսլամական Պետության շարքերում, որ կռվում են Իրաքում և Սիրիայում, և կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ջանքեր գործադրել բացահայտելու և ետ կանչելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Եկեք խոսենք անկեղծ. ինչու՞ ենք մենք միայն հիմա սկսում անհանգստանալ եվրոպացիների ներգրավվածության վերաբերյալ: Ինչու՞ մենք որևէ քայլ չձեռնարկեցինք Քեսաբի իրադարձություններից հետո, երբ առկա էին փաստեր, որ ահաբեկիչները ներխուժել էին ԵԽ անդամ Թուրքիայի տարածքից: Ինչպե՞ս եղավ, որ նույն կազմակերպության անդամներին սկսեցինք կոչել “ահաբեկիչներ”, այն դեպքում, որ Եվրոպան նրանց տևական ժամանակ անվանում էր “ապստամբներ”: Ինչևէ, ողջունելի է, որ ԵԽԽՎ-ն քայլեր է վերջապես ձեռնարկում, և մենք կոչ ենք անում Վեհաժողովին միանալու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված այս քաղաքակիրթ աշխարհին սպառնացող այս չարիքի վերացմանը և դրա հովանավորության ճանապարհները արմատախիլ անելուն»:

Նմանատիպ նյութեր