211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:26 01-10-2014

ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 16 ստուգումների արդյունքում արձանագրվել է 110.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն: Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 57 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 40-ի մոտ՝ հսկիչ գնումներ և 29-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.8 մլն դրամի տուգանք: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ` 411մլն դրամի չափով: Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԱԴԱ» ՍՊԸ-ի մոտ 22 չգրանցված աշխատող՝ 13.2մլն դրամ, «ԿԱՐԴԻՆԱԼ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի մոտ 8 չգրանցված աշխատող՝ 2.4մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 85.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն են՝ «ԳԱՐԱՆՏԻԱ ՇԵՆ»՝ 50.8մլն դրամ, «ԱՍՏԱՊ»՝ 11.6մլն դրամ, «ԱՍԹԵՄՎԱԼ»՝ 10.7մլն դրամ և «ՍԻՄ ԱՂԲՅՈՒՐ»՝ 10.3մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 230.7մլն դրամ: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 30 հազար 739 հատ կամ 56.5%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 628.2մլն դրամով կամ 10.3%-ով: Այդ նվազումը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների շրջանառությունների նվազմամբ, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ՍՈՎՌԱՆՈ»՝ -716.9 մլն (-30 հատ), «ԵՎՐՈՊԱ»՝ -153.2 մլն (-50 հատ), «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ»՝ -90.6 մլն (-26 հատ), «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»՝ -56.3 մլն (-3326 հատ), «Ա ԵՎ Գ»՝ -50.5 մլն (+589 հատ) ընկերությունները: Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3670 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել է 894 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 400մլն դրամով: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ- հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում և 10 չափագրում, իսկ 190 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 4.8մլն դրամի տուգանք, իսկ ԲՍ-ների արդյունքում՝ 43.7մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ, «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ»՝ 10.6մլն դրամ, «ՍՊԻՏԱԿ-1»՝ 7.3մլն դրամ և այլն: Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 55 հարկ վճարողի մոտ առաջացել է 55.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 70 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 170-ով և առաջացել է 60.1մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Նմանատիպ նյութեր