Ջենիֆեր Լոպեսը ՃՏՊ-ի մեջ է ընկել Կալիֆորնիայում
Երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ՃՏՊ-ի մեջ է ընկել Կալիֆորնիայում: Այս մասին հայտնում է Hollywood reporter-ը: Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 27-ին, Մալիբուում, ուր պիկապը (ոչ մեծ ավտոմեքենա) հետևից հարվածել է այն մեքենային, որում, երգչուհուց բացի, գտնվել են նաև նրա երկու երեխաները, ինչպես նաև Լոպեսի ընկերուհին՝ դերասանուհի Լիա Ռեմինին:
Լոպեսն այդ մասին գրել է Instagram-ի իր էջում. «Կանգնած էինք լուսանշանի տակ, և հանկարծ ինչ-որ հարբած հիմար հետևից մխրճվեց իմ նոր ավտոմեքենայի մեջ: Բարեբախտաբար, մեզ մոտ ամեն ինչ կարգին է»:
TMZ պորտալի տվյալներով՝ վթարի մեղավորը չքացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել նրան: