211652_close_icon
views-count1527 դիտում article-date 21:37 26-09-2014

ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 26-ին Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ուղղությամբ ՎՊ կատարած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտի պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ: ՀՀ ՎՊ երկրորդ վարչության պետ Դավիթ Չիբուխչյանը նշել է, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացրել է մի քանի ուղղություններով: Ուսումնասիրվել են 4 ծրագրեր եւ արձանագրվել են որոշակի խախտումներ: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադարձել ոլորտի առջեւ ծառացած խնդիրների կարգավորման : Նա նշել է, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31.0 մլն ԱՄՆ դոլար: Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ» ԲԸ (Ֆրանսիա) - «Բլեսկ» ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով: Վերահսկիչ պալատի կողմից գազաֆիկացման աշխատանքներից ընտրությամբ ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել: Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները՝ Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ եւ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել: Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առաջարկել է նախկինում կառուցված անորակ, քայքայված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաջորդը «Ներդրումներ» ծրագիրն է, որի նպատակն է խթանել գյուղական փոքր եւ միջին վերամշակող կազմակերպությունների տնտեսական ակտիվությունը` բաժնետիրական ներդրումների եւ փոխառությունների տրամադրման միջոցով: Այս բաղադրիչով աշխատանքներն իրականացվում են «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից: Ծրագրի գումարներից նախատեսվել է ընդհանուր 7,863.5 հազ. ԱՄՆ դոլար վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին նախատեսվել է նաեւ հարկային պարտավորությունների եւ տուրքերի վճարումը: Մինչեւ ստուգման պահը հիմնադրամի կողմից իրականացվել են 1.6 մլրդ դրամի ներդրումներ եւ փոխառություններ 9 կազմակերպությունում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը եւ դրա արդյունքում հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով եւ հիմնադրամի` «Ներդրումների իրականացման եւ փոխառությունների տրամադրման ուղեցույց»-ից շեղումներով: Ընկերություններում հիմնադրամի կողմից կատարված ներդրումները կամ տրամադրած փոխառությունները հիմնականում ծախսվում են պայմանագրերով սահմանված ծախսային հոդվածների շեղումներով, այլ կերպ ասած` պայմանագրով ծախսման ուղղություններ սահմանելը հաճախ կրում է ձեւական բնույթ: Երրորդ ծրագրի՝ «Ենթավարկեր»-ի նպատակն է ենթավարկերի տրամադրումն այն ծրագրերին, որոնք ուղղված են փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, գյուղական տարածքներում մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը: Աշխատանքներն իրականացվում են «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից` առեւտրային բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով: Տրամադրված ենթավարկերից Վերահսկիչ պալատը ստուգել է 11 ծրագիր: Նշված 11 ծրագրերից 9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր, ինչն արձանագրվել էր նաեւ նախորդ վերահսկողության արդյունքում: «Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը» ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին ներգրավել հայկական մրգի եւ ընկուզեղենի արտադրության մեջ եւ մեծացնել նրանց ունեցվածքն ու եկամուտները: Ըստ Վերահսկիչ պալատի դիտարկումների՝ ծրագրի օգտակարությունն ակնհայտ է, ինչի արդյունավետ իրականացման դեպքում համապատասխան եկամուտներով կապահովվեն ինչպես «Հայկական միրգ» ընկերությունը, այնպես էլ ծրագրում ընդգրկված գյուղացիական տնտեսությունները` կրճատելով աղքատության մակարդակը եւ խթանելով հայկական մրգի ու ընկուզեղենի արտահանումը: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին եւ այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Ծրագրի բյուջեն կազմում է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր իրականացնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզեղենի այգիների հիմնում` 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ: Սակայն Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում պարզվել է, որ բաղադրիչի իրականացման տեմպերը շատ ցածր են, պարբերաբար կրճատվում են համապատասխան տարիներին ստեղծվելիք այգիների տարածքները եւ փաստացի հիմնված այգիների տարածքը հեռու է նախատեսված ցուցանիշներից: ՎՊ նախագահը սպառիչ պատասխան է տվել «Հայկական միրգ» ԲԲԸ-ում իրականացված ստուգումների կապակցությամբ մամուլում հայտնված տարբեր մեկնաբանություններին և պարզաբանումներին: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային: Նա ընդգծել է, որ 2014 թ-ին եւ հաջորդ տարիներին այդ ծրագրերը լինելու են Վերահսկիչ պալատի վերահսկողության դաշտում: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրի վերաբերյալ նշվել է, որ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող լոկալ ջրարբիացման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Տավուշ) անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային եւ սահմանամերձ 54 համայնքում: Շինարարական աշխատանքների իրականացման համար 2011-2013 թվականներին ծախսվել է 1,941,590.1 հազ. դրամ: Վերահսկողությունն իրականացվել է 5 մարզի 31 համայնքում: Վերահսկված 1,148,352.5 հազ. դրամ ծավալի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15,407.3 հազ. դրամի խախտումներ, որի մեծ մասը վերահսկողության ընթացքում վերականգնվել է: Անդրադառնալով բնապահպանական ոլորտին՝ նշվել է, որ Վերահսկիչ պալատը պարբերաբար անդրադառնում է երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող բնապահպանական խնդիրներին: Դինամիկ կերպով զարգանում է նաեւ տվյալ վերահսկողության կատարելագործմանն ուղղված միջազգային համագործակցությունը: Վերահսկողության կոնկրետ թեմաներն ընտրվելու են տվյալ ժամանակաշրջանում առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրների շրջանակներում: Հաշվետու տարում վերահսկողությունն իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Այս ոլորտներում նունյպես բացահայտվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ: Վերոհիշյալ ոլորտների եւ ծրագրերի պատասխանատուները, ընդունելով ՎՊ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ ընդգրկված փաստերի օբյեկտիվությունը, պատասխանել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին եւ մատնանշել են խնդիրների լուծման ուղիները ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նմանատիպ նյութեր