211652_close_icon
views-count1569 դիտում article-date 17:04 22-09-2014

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թ-ի հաշվետվության արդյունքները

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի` համապատասխան ոլորտի վերահսկողությունն իրականացրած աշխատակիցները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները հանգամանալից ներկայացրեց ՎՊ` սոցիալական ոլորտում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Խաչիկ Վարդանյանը: Այնուհետև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփեց ներկայացված տեղեկատվությունը` նշելով, որ 1. ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել: 2. Ոլորտում առկա են օրենսդրական բացեր և կա դրանք շտկելու խիստ անհրաժեշտություն: Քննարկումը շարունակվեց հարցուպատասխանով, ինչին հաջորդեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը: Պարոն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով ՎՊ ներկայացուցիչներին կատարված աշխատանքի համար, համաձայնեց ներկայացված փաստերի օբյեկտիվության հետ և նշեց, որ կիսում է այդ փաստերից բխող ռիսկերը նվազեցնելու մտահոգությունը: Նախարարը շեշտեց նաև, որ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա իրենք ևս քննարկումներ կանցկացնեն, ինչից հետո ՀՀ կառավարությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Քննարկման վերջում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ևս մեկ անգամ մեջբերելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած տեղեկատվությունը, նշեց որ 2013թ. տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա օրենսդրական խնդիրներին կանդրադառնան հանձնաժողովի հետագա նիստերի ժամանակ:

Նմանատիպ նյութեր