1281 դիտում
16:50 20-09-2014
ՀԿ-ները հետաքրքրված են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով
Շուրջ 75 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ծաղկաձորում անցկացվող սեմինարի ընթացքում ծանոթանում են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին, դիմելու մանրամասներին, ինչպես նաև մրցույթի շրջանակներում հայտարարված անվանակարգերին։
Սեպտեմբերի 20-ին ՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի, հանձնաժողովի անդամ, Հայաստանի երտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ՝ վերջիններիս ուղղելով իրենց հարցերն ու առաջարկները։
«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանը նշում է, որ դասընթացի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Դիմել են մեծ թվով կազմակերպություններ։ Արփինե Հակոբյանը նշեց, որ «ՀԿ կենտրոնը», ընդգրկված լինելով դրամաշնորհային մրցութային հանձնաժողովում և ուսումնասիրելով ՀԿ-ների ներկայացրած ծրագրային առաջարկները, նկատել է, որ կազմակերպություններն ունեն կարողությունների զարգացման խնդիր:
«Քառօրյա հանդիպումը նպատակ ունի ոչ միայն սովորեցնել, թե ինչպես գրել ծրագրի առաջարկ, այլև կապեր ստեղծել պետական ռազմավարության և ՀԿ-ների գործունեության միջև, որպեսզի հասկանանք՝ որոնք են պետական առաջնահերթությունները, և մեր ծրագրերն ուղղենք հենց այդ առաջնահերթություններին»,- նշեց Արփինե Հակոբյանը՝ ընդգծելով, որ դասընթացին մասնակցում են և՜ փորձառու, և՜ նորաստեղծ ՀԿ-ներ Երևանից, տարբեր մարզերից։ Նա նաև նշեց, որ հատկապես շատ են երիտասարդ մասնակիցները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները մեծ հնարավորություն են հասարակական կազմակերպույթուններին՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու, կայանալու ու զարգանալու համար. «Մենք այս դրամաշնորհային մրցույթով ցանկանում ենք, որպեսզի մեր ՀԿ-ները չընկնեն դռնեդուռ՝ գումար հայթայթելու համար, այլ իմանան, որ հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կկարողանան դիմել այս դրամաշնորհին և իրենց ծրագրերն իրականացնել, քանի որ դրա համար նախատեսված գումար կա»։ Կարեն Ավագյանը նկատեց նաև, որ եթե նախկինում, դրամաշնորհներն ուղղվում էին միայն հակածխախոտային պայքարին, ապա այժմ անվանակարգերը բազմաոլորտ են՝ վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների զարգացում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված ծրագրեր, մերօրյա հերոսների փառաբանում, բնապահպանական ոլորտ։ Հիմնադրամի համակարգողը նաև ընդգծեց, որ ամենակարևոր նպատակը, որ իրենց առջև դրել են՝ դրամաշնորհների միջոցով հասարակական աշխատանքը զարգացնելն է։ Դրամաշնորհները տրվում են ՀԿ-ներին ոչ թե աշխատավարձեր բաշխելու, այլ հենց հասարակական աշխատանքի համար։ Նա նաև նշեց, որ ՀԿ-ները վստահում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որովհետև դրամաշնորհի չափորոշիչները շատ հստակ են, տեսանելի, իսկ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ոլորտային փորձագետներ, ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից։
Դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով ՀԿ անդամների հետ աշխատանքի արդյունքների մասին, ասաց, որ դասընթացի մասնակիցների մոտ մեծ է սովորելու, գործելու ցանկությունը, բայց կա նաև խնդիրը ճիշտ ձևակերպելու, սեփական կարողությունները ճիշտ գնահատելու հարց և ծրագրի մշակման որոշ տարրերի բացակայություն։ Նա հույս հայտնեց, որ անցկացվող դասընթացը կօգնի եղած բացը լրացնել, ինչպես նաև՝ նոր մտքեր ու գաղափարներ գեներացնել։
«Նոր հայացք» ՀԿ-ի նախագահ Սոնյա Սարգսյանը ՀԿ դաշտում աշխատում է 2004 թվականից։ Նշում է, որ այս ոլորտում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, և ժամանակին համընթաց քայլելու համար նորություններին տեղյակ լինելը պարտադիր պայման է։ Նման դասընթացները, ըստ Սոնյա Սարգսյանի, նպաստում են ՀԿ-ների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը։
Նշենք, որ այս տարի նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի մրցույթի համար հատկացված է 200 միլիոն դրամ. արդեն հայտարարված է դրամաշնորհային երրորդ մրցույթը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Տեղեկացնենք, որ սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, և անցկացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը։
Նմանատիպ նյութեր
873 դիտում
18:14 04-03-2014
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 ՀԿ
2083 դիտում
17:59 03-04-2014
Ապրիլի 7-ին պարզ կդառնա, թե որ ՀԿ-ներն են արժանացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի
1535 դիտում
13:15 04-04-2014
Հայտնի են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները
Այս բաժնից
1336 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
928 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար