211652_close_icon
views-count865 դիտում article-date 17:46 15-09-2014

Երկու ինքնության ու գիտակցության կրողը. Այսօր Դինքը կդառնար 60 տարեկան

Նա փորձեց հայ-թուրքական հարաբերությունները դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից: Հրանտ Դինքը այսօր կդառնար 60 տարեկան: 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Մալաթիայում ծնվեց Սարգիս և Գյուլնարա Դինքի որդին: Փոքրիկ Հրանտի դաստիարկությամբ հիմնակնում պապն է զբաղվել, Ստամբուլ տեղափոխվելուց ու ծնողների ամուսնալուծությունից հետո Հրանտ Դինքը հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը: Հենց այստեղ էլ կայացել է նրա կյանքի ամենակարևոր հանդիպումը` ծանոթացել է Ռաքելի` ապագա կնոջ հետ: 1996-ի ապրիլի 5-ին Ստամբուլի կրպակներում հայալեզու ամսագիր հայտնվեց: «Ակոս» ամսաթերթը լույս էր տեսել ընդամենը 1800 տպաքանակով: Հրանտ Դինքը գլխավոր խմբագիրն ու ամենահամաձակ հոդվածագիրն էր: Նա բարձրացնում էր Թուրքիայում ժողովրդավարության ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրները, խոսում էր հայկական համայնքի ու թուրք հասարակության հարաբերությունների մասին: Թուրք ազգայնականների ու պետության ատելությունը «Ակոս»-ի նկատմամբ բացահայտորեն դրսևորվեցին 2004-ի փետրվարի 24-ին տպագրված մի հոդվածից հետո: Դինքի գլխավորած լրատվամիջոցը համարձակվել էր ասել, որ Թուրքիայի առաջին կին օդաչուն Սաբինա Գյոքսենը հայ է, այն էլ` Ցեղասպանությունից փրկված հայ որբերի զավակ: Այդ օրվանից սկսվեցին անդադար հետապնդումները, մահվան սպառնալիքները, պարբերական պարզաբանումները ոստիկանական բաժանմունքներում: Հրանտ Դինքը հրաժարվում էր լքել Թուրքիան` համոզված լինելով, որ իր անելիքն այդտեղ է` իր ծննդավայրում: Դինքն առաջիններից էր, ու թուրքական իշխանությունը դատապարտեց թուրքական ինքնությունը վիրավորելու համար տխրահռչակ 301-րդ հոդվածով: Հայ-թուրքական հարբերությունների խաղաղության աղավնու վրա կրակոցը հնչեց 2007 թվականի հունվարի 19-ին հենց «Ակոս»-ի շեմին: Ըստ պաշտոնական վարկածի` մարդասպանը այն ժամանակ 17-ամյա Օգյուն Սամասթն էր: Սպանությունը պատվիրված էր: Նրա մահվան հաջորդ օրը Թուրքիան արթնացավ որպես հայ: Հազարավոր մարդիկ անկախ ազգությունից տարիքից, սեռից ու դավանանքից Թաքսիմից շարժվեցին դեպի ազատության ու ճշմարտության անզեն զինվորի սպանության վայրը: Նրանք բոլորը հայ էին, նրանք բոլորը Հրանտ Դինք էին: Մինչև այսօր սպանության պատվիրատուն անհայտ է: Իշխանությունն ակնհայտորեն խուսափում է իրականությունը բացահայտելուց, քանի որ ճշմարտության կծիկը գլորվում է հենց իշխանության ուղղությամբ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33654]Armnewstv.am [/url]

Նմանատիպ նյութեր