211652_close_icon
views-count955 դիտում article-date 18:48 10-09-2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները և նշել, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ գործընկերային երկուստեք կապեր կհաստատենք նաև Երևանի և Ամանի միջև», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարն իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Հորդանանի մայրաքաղաք Ամանի միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Մայրաքաղաքի կառավարման հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև շատ հարցերում երկու մայրաքաղաքների նմանությունները՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում գործնական քայլեր ձեռնարկել հնարավորին կարճ ժամանակում Ամանի և Երևանի միջև քույր քաղաքների համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը: Շնորհակալություն հատնելով պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև քույր և գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր