Կմեկնարկի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 11-15-ը անցկավելու է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցելու են ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից և Լեhաստանից:
Փառատոնն իրականացնում է «Ավանդական տոների վերածնունդ» կրթա-մշակութային հասարակական կազմակերպությունը: Մասնակցում են Երևանից՝ «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Հարց հայոց», Բյուրականից՝ «Կաթնաղբրիկ» և «Խնդում», Ուջանից՝ «Կարոտ», Ներքին Բազմաբերդից՝ «Գորանի» խմբերը, ինչպես նաև Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Լեհաստանից մասնակցելու են «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» խմբերը:
Փառատոնի ընթացքում տեղի են ունենալու համերգներ, երթեր, ցուցահանդեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում և Գեղարդում, Ուջանում և այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ «Խաղաղության մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի իրականացումը մեծապես նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը և մշակույթի հանրահռչակմանը: