211652_close_icon
views-count22208 դիտում article-date 16:35 05-09-2014

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով նոր սենսացիոն ձայնագրություններ են հրապարակվել, որտեղ կանանցից մեկը, դիմելով Խաչատրյանի որդուն, ասում է. «Տիգրան, ցավդ տանեմ, ինչի՞ համար տվիր-սպանիր»

Անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով այսօր` սեպտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսին այդ օրը սպանված Արտակ Բուդաղյանի ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը Սուրիկ Խաչատրյանից տան ձայնագրության վերծանումը հրապարակեց, որով, ըստ նրա, հիմնավորվում է Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի մեղքը: Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկն ունի կոնստրուկտիվ առանձնահատկություն, որը նաեւ ձայն է արձանագրել, ինչը Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին հայտնի չի եղել: Իսկ երբ ուղարկվել է փորձաքննության, փորձագետներին հաջողվել է ձայնագրությունը վերծանել . «Սրանք շատ կարեւոր խոսակցություններ են: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի: Առաջին մասում այն խոսակցություններն են, որոնք տեղի են ունենում նախքան հրաձգությունը: Այդտեղ պատմվում է, որ ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղեւոնդյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը: Զարզանդը պատմում է, որ՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին եւ ավտոյից հանին: Հետո, երբ կանայք սկսում են հարցեր տալ, թե ինչու, կանացից մեկն էլ ասում է. «Բա ամոթ չէ՞ր, այդ մարդու հերը Սուրիկի ընկերն է»: Տղամարդու ձայնն ասում է՝ չթողի, բայց ես ի՞նչ անեմ: Այդ ձայնից ակնհայտ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը ավտոմեքենայում այն աստիճանի է հարբած եղել, որ կողքին նստած Ավետիք Բուդաղյանին ասում է. «Ո՞վ է»: Ասում են. «Շեֆ, Ավոն է»: Ասում է. «Ավո՞ն, ո՞վ: Ավոյի սենցն ու նենցը»: Տղամարդը պատմում է նաեւ. «Վերջը խոսք, զրույց, Ավոյին մի երկու հետ տվինք, ասացինք՝ դե հել գնա ստեից»: Հետո Զարզանդը ասում է, որ միայն ինքն է խփել ու դատարանը գտնում է, որ, այո՛, Սուրիկ Խաչատրյանը կապ չունի: Բայց ձայնագրությունից ակնհայտ է, որ մեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծողներից մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը»,- մանրամասնեց փաստաբանը: Փաստաբանի ներկայացմամբ՝ ձայնագրության պայմանական երկրորդ հատվածում հրաձգությունից հետո կանանցից մեկը գոռգոռում է, թե՝ Տիգրա՛ն, ցավտ տանեմ, ինչի՞ համար տվիր, սպանիր: Մի՛ կրակի, էլի, մի՛ կրակի: Ինչից հետո տղամարդը պատասխանում է՝ տուն մտի: Կանացի ձայնը շարունակում է, թե՝ Տիգրան, բոյդ թաղեմ: Նրա խոսքով, գոռացող կանայք Տիգրանի ամենամոտ կանայք են եւ, եթե Տիգրանին վտանգ սպառնար, այդ չէր լինի նրա արձագանքը: Փաստաբանը նշեց նաեւ, որ խոսք է գնում զենքերի մասին: «Հրաձգությունից հետո «Նագան» ատրճանակի մասին են խոսում, որը այդպես էլ քննիչները չեն հայտնաբերել: Բացի այդ, երբ ոստիկանները դեպքից հետո պետք է գան զննության, բարձրաձայն քննարկում են, թե ինչ են անելու զենքերը, եւ Զարզանդ Նիկողոսյանը ասում է՝ մինչեւ հանձնելը կտրեմ զենքեր»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ մեկն էլ ասում է, թե օրինական զենք չկա: Անդրադառնալով խոսակցության երրորդ հատվածին՝ Հայկ Ալումյանը նկատեց, որ խոսակցություններից ակնհայտորեն հերքվում է նախաքննական այն վարկածը, թե Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների վրա կատարված կրակոցները ելել են ինքնապաշտպանական դրդումներից: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր