ՆԱՏՕ-ի անդամ 7 երկիր ստորագրել է արագ արձագանքման միացյալ ուժեր ստեղծելու մասին համաձայնագիրը
Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան ու Նիդերլանդները ստորագրել են արագ արձագանքման միացյալ ուժեր (Joint Expeditionary Force) ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը՝ հղում կատարելով Էստոնիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը հայտարարել է, որ արագ արձագանքման միացյալ
ուժերն Էստոնիային հնարավորություն են տալիս շարունակելու Մեծ Բրիտանիայի ու մյուս դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը:
Նա ընդգծել է, որ այդպիսի զորքի ստեղծումը կոնկրետ քայլ է՝ ուղղված իրադարձություններին արձագանքելու հարցում ՆԱՏՕ-ի հնարավորությունների ընդլայնմանը: Նոր զորամիավորումը Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծվելու է առաջիկա տարիների ընթացքում և բաղկացած է լինելու ՆԱՏՕ-ի անդամ այդ 7 երկրների ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի զինծառայողներից: