Թոշակառուն ամերիկուհուն է վերադարձրել լողափին նրա կորցրած ադամանդներով մատանին
Գանձեր որոնողը Նյու Յորքի բնակչուհուն վերադարձրել է 13.500 դոլար արժողությամբ նրա ամուսնական մատանին, որը նա կորցրել էր դրանից գրեթե մեկ ամիս առաջ, լողափում: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
Էրին Կարոցոն իր վրա արևապաշտպան քսուք քսելիս պատահաբար կորցրել է ադամանդներով մատանին, որը նրան 10 տարի առաջ նվիրել են նշանադրության ժամանակ: Ավազի մեջ ձեռնարկված որոնումները չեն պսակվել հաջողությամբ և հիասթափված 41-ամյա Կարոցոն Facebook-ում գրել է այդ մասին:
Դրանից երկու օր անց նրա մատանին մետաղորսիչի օգնությամբ հայտնաբերում է 68-ամյա պաշտոնաթող հրշեջ Մայք Կոգանը, ում հոբին գանձեր որոնելն է: Թոշակառուն հայտնաբերված մատանու լուսանկարը տեղադրել է Facebook-ում, ինչին երկու շաբաթ անց արձագանքել են կնոջ ընկերները:
Կարոցոն անմիջապես կապ է հաստատել Կոգանի հետ և պատմել է իր դժբախտության մասին: Օգոստոսի 28-ին նա լողափում հանդիպել է Կոգանին, ով էլ վերադարձրել է նրա մատանին: Կարոցոն հայտարարել է, որ ցայժմ չի կարողանում հավատալ այդ հրաշքին: Նա հայտարարել է, որ շատ ուրախ է, որ աշխարհում կան նման լավ մարդիկ: