211652_close_icon
views-count1895 դիտում article-date 20:24 27-08-2014

Ազատ ոճի ըմբիշները երկու բրոնզե մեդալ նվաճեցին

Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր` օգոստոսի 27-ին, ազատ ոճի ըմբիշները նվաճեցին երկու բրոնզե մեդալ: 54 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթևոսյանը (անձնական մարզիչ՝ Արտուշա Մինասյան, Գյումրու քաղաքապետարանի «Ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ և ունեցավ 1 պարտություն: Բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց յեմենցի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ: 76 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանը (անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան, «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց (Երևան), «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի սովորող) խմբային փուլում տոնեց 2 հաղթանակ և ունեցավ 1 պարտություն: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց կոլումբիացի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ: Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Արշակ Հայրապետյանը: Այսպիսով` այս օլիմպիական խաղերում 9 մրցաձևերը ներկայացնող Հայաստանի հավաքականի 14 մասնակիցներից 7-ը՝ 5 մրցաձևերում նվաճել է 7 մեդալ՝ 2 ոսկե մեդալ (ծանրամարտ), 2 արծաթե մեդալ (գնդակային հրաձգություն և հունա-հռոմեական ըմբշամարտ) և 3 բրոնզե մեդալ (1 բռնցքամարտ և 2 ազատ ոճի ըմբշամարտ): Հիշեցնենք, որ մեր պատանի օլիմպիականները հայրենիք են վերադառնալու 2014 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 14.00-ին: Նրանց դիմավորելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տրամադրած ավտոբուսները Հանրապետության Հրապարակից շարժվելու են ժամը 13:00-ից

Նմանատիպ նյութեր