2755 դիտում
17:16 22-08-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի նկատմամբ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից ոլորտում իրականացված ծրագրերն ու խոսել ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին:
Մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը ամենօրյա հսկողության ներքո է: Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից պարբերաբար ստուգվում է ոչ միայն մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակը, այլև մանկապարտեզներում դրանց պահպանման պայմանների ապահովումը, սննդի պիտանության ժամկետները: Կասկածելի սննդամթերքը նմուշառվում և ուղարկվում է փորձաքննության: Անդրադառնալով Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից անորակ թռչնամիս մատակարարելու դեպքին՝ Գայանե Սողոմոնյանը, խստորեն դատապարտելով երևույթը, շեշտել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ վերահսկողությունն այսուհետ էլ ավելի խիստ և ուժեղացված է լինելու:
«Մենք իսկապես ցնցված ենք տեղի ունեցածով: Դեպքի օրը, վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները գտնվել են արձակուրդում: Իսկ մատակարարն այդ օրը գործել է հապճեպ և, թռչնամիսն անմիջապես թողնելով մանկապարտեզում, հեռացել: Ի դեպ, այդ օրը տվյալ մատակարարն առաջին անգամ էր սնունդ մատակարարելու: Ինչ վերաբերում է սննդի ընդունմանն ու հանձմանը, ապա նշեմ, որ մատակարարը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ավելին, մանկապարտեզների սնունդ ընդունող պատասխանատուների փաստաթուղթ ներկայացնելու պահանջին ի պատասխան նա նշել է, որ շտապում է և բոլոր ձևակերպումները կկատարի ավելի ուշ: Դեպքից անմիջապես հետ ոստիկանության աշխատակիցները առգրավվել ու կապարակնքել են ապրանքը և ուղարկել փորձաքննության»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա կենդանական ծագման մթերքների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահպանման պայմանների ու անասնաբուժասանիտարական և անվտանգության ցուցանիշների համապատասխանության պահանջներն ուսումնասիրող հանձնաժողով՝ ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունների աշխատակիցների ներգրավմամբ: Ստուգայցեր են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր այն մանկապարտեզներ, որտեղ առկա է կենդանական ծագման մթերք և ստուգվել են թռչնամսի, մսի և հավկիթի պահպանման պայմանները: Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին տվյալ ապրանքատեսակների համապատասխանությունը պարզելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքատեսակներից նրանք վերցրել են փորձանմուշներ և փորձարկման նպատակով տրվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Օգոստոսի 18-ի հետազոտությունների տվյալներով, անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների համաձայն, պարզվել է, որ բոլոր նմուշներն առանց սահմանափակման պիտանի են օգտագործման:
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող գնումների գործընթացի կազմակերպման հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան հանրակրթության վարչության պետը նշել է, որ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, սննդամթերքի ձեռքբերման համար կիրառվում է շրջանակային համաձայնագրերով գնում կատարելու ընթացակարգը և, ըստ այդմ, մրցույթի հայտարարությունն ուղարկվում է բոլոր այն կազմակերպություններին և կամ անհատ ձեռներեցներին, ովքեր գրանցված են ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագիր կնքածների ցուցակում: Գնման գործընթացին մասնակցության հայտ ներկայացնողները, համաձայն օրենքի, պատվիրատուին ներկայացնում են մասնակցության դիմումն ու պահանջվող ապրանքի գնի առաջարկը: «Ասել կուզի, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում գրանցված լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար հիմք է հայտ ներկայացնողի մրցույթին մասնակցելու համար: Եվ այդ անհատ ձեռներեցը, որը 3 մանկապարտեզների մատակարարել էր վերոնշյալ հավի միսը, նույնպես այդ ընթացակարգով է մասնակցել մրցույթին և, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, հաղթող է ճանաչվել, քանի որ ներկայացրած է եղել ամենացածր գնառաջարկը», - ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
16:20 21-07-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
1047 դիտում
12:46 11-12-2014
Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը, վերահսկողությունը. Սուր անկյուն. տեսանյութ
1174 դիտում
22:18 20-07-2015
Երևանում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
Այս բաժնից
763 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
769 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1006 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին