2235 դիտում
17:43 19-08-2014
ԱԻՆ-ը համագործակցում է «Երկրապահ կամավորականների միության» հետ
Օգոստոսի 19-ին «Երկրապահ կամավորականների միության»վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ԱԻ նախարարությունում էր:
Այցի նպատակը ՀՀ ԱԻՆ և ՀՀ «Երկրապահ կամավորականների միության»միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր:
Գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանը ծաղկեպսակ դրեց Փրկության նվիրյալների հուշարձանին ` ի նշան հարգանքի և հիշատակի:
Այնուհետև ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, հայրենիքի սահմանների պաշտպանության և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և անձնվեր ծառայության համար, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցելու կապակցությամբ, ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ»մեդալով պարգևատրեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ԱԻՆ «Պատվավոր աշխատակից»մեդալով` ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանին և ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանին:ԵԿՄ 19 անդամ պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության»մեդալով, 15 անդամ`«Կանխարգելում, օգնություն, փրկություն»մեդալով, «Անվեհեր փրկարար»մեդալով` 6 անդամ, իսկ ԱԻ նախարարության պատվոգրով` 10 անդամ:
ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանը «Սպարապետ Վազգեն Սարգսյան»շքանշանով պարգևատրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, իսկ ԱԻՆ 50 աշխատակից, որոնց թվում նաև Արցախյան ազատամարտի մասնակիցներն էին, արժանացավ ԵԿՄ հուշամեդալների, մեդալների և պատվոգրերի:
Այնուհետև ԱԻ նախարարության ուսումնական ավանում հյուրերի համար ցուցադրվեց գործնական վարժանք: Ըստ ուսումնական վարժանքի պլանի` շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել են աստիճանավանդակները, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: ԱԻՆ փրկարարական ջոկատները հատուկ տեխնիկայի միջոցով մարեցին հրդեհը, տուժածներին իջեցրեցին վերին հարկերից և համապատասխան օգնություն ցուցաբերեցին: Ուսումնավարժանքին իրենց մասնակցությունն ունեին նաև պատանի երկրապահների և պատանի փրկարարների խմբերը:
ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին շարահրապարակում, որտեղ ցուցադրված էին հրշեջ-փրկարարական տեխնիկան և փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումները:
ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանն այցելեց նաև նորագույն սարքավորումներով հագեցած Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին:
Այցի ավարտին` ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Նախարարը ողջունեց ներկաներին, ներկայացրեց նախարարության վերջին խոշոր ձեռքբերումները, կարևորեց նմանատիպ համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս երկու կառույցների ուժերն օգտագործել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներում. «Համոզված եմ, որ մեր ստորագրումից հետո փաստաթուղթը չի մահանա և կյանքի կկոչվի»: ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճից տեսակապ հաստատվեց ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերի հետ, ովքեր զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:
ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանն իր խոսքում նույնպես կարևորեց համագործակցությունը և ՀՀ-ում արտակարգ իրավիճակների հզոր կառույց ունենալու փաստը։«Շնորհավորում եմ բոլորիդ` գեղեցիկ օրվա և համագործակցության կապակցությամբ: Օգտվելով այս առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճամբարներում համատեղ կազմակերպված ուսումնավարժանքների և դասընթացների համար», - նշեց գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
17560 դիտում
19:20 24-08-2016
Բակո Սահակյանը Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության տոնական միջոցառմանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5902 դիտում
13:50 18-02-2017
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի