Վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքը ևս կքննի ֆինանսական համակարգի հաշտարարը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին առաջարկվող զարգացման քաղաքականության գործառնության (DPO) ծրագրային փաստաթղթով և տեխնիկական առաջարկություններով:
Նիստի հավանությունն են ստացել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով կկարգավորվեն սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնի հետ կապված հարաբերությունները: Այս մասին է տեղեկացնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առցանց հեռարձակել ՀՀ ԱԺ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի աշխատանքը: Կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը, եթե այն պետբյուջեի համար լրացուցիչ ծախս չառաջացնի:
Քննության է առնվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են շտկել օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունները, ինչին նույնպես կառավարությունը չի առարկում:
Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է տարընթերցման, ոչ հստակ դրույթների շտկմանը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: