211652_close_icon
views-count1454 դիտում article-date 10:37 07-08-2014

Հայ գիտնականները ծանոթանում են գիտաչափության նրբություններին

Օգոստոսի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ավտոմատացման և պրոբլեմների ինստիտուտը և Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնում են «Գիտության արդի մոտեցումները. գիտաչափություն» խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը։ Այն տեղի է ունենում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Այս մասին է տեղեկացնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանն ընդգծեց, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են տարբեր ոլորտների գիտաժողովներ, դպրոցներ։ Ըստ նրա՝ ԵԳԱԾ գործունեության 2 տարիների ընթացքում նկատվում է երիտասարդ գիտնականների աշխուժացում, մեծացել է Հայաստանում անցկացվող միջազգային գիտաժողովների թիվը։ Գևորգ Վարդանյանը կարևորեց նաև գիտաչափությանն առնչվող միջազգային ամառային դպրոցը։ Նա նկատեց, որ Հայաստանում նման դպրոցի կազմակերպումը հնարավորություն կընձեռի հայ գիտնականներին ներկայացնել գիտաչափության էությունը, կարևորությունն ու նշանակությունը գիտության զարգացման համար, ծանոթացնել ոլորտի միջազգային չափանիշներին, ներկայացնել գիտության զարգացման հայեցակարգերի միջազգային փորձն ու դրանց կիրառելիությունը Հայաստանի գիտության զարգացման գործում։ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանն ընդգծում է, որ գիտաչափությունը նոր դիսցիպլին է գիտության մեջ, որը Հայաստանում նոր-նոր է սկսում զարգանալ։ «Գիտաչափության վերաբերյալ գիտական համայնքում ինֆորմացիայի պակաս կար, ինչն էլ առիթ դարձավ կազմակերպելու ամառային դպրոցը։ Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական մեթոդ է, որի կիրառումը կարող է նպաստել ազգային գիտության զարգացմանը՝ ինտեգրելով այն գիտության միջազգային շուկային»,- նշեց Շուշանիկ Սարգսյանը։ Ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում արտասահմանից ժամանած անվանի դասախոսներ, այդ թվում՝ ոլորտի հիմնադիրներից և առաջատարներից մեկը՝ Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Գլանզելը։ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նկատում է, որ գիտական ցանկացած աշխատանք, գիտական հիմնարկի արդյունավետությունը չափվում է գնահատման համապատասխան չափանիշերով: «Բազմաթիվ գիտնականներ կան, որոնք տարբեր ամբիոններից բարձրաձայնում են, թե հանճարեղ գործեր են անում: Բայց միայն ասելով, լեզվական հմտությունները կիրառելով չէ: Մեթոդներ կան, գիտաչափություն կա, որի միջոցով հնարավոր է գնահատել ցանկացած գիտնականի, ցանկացած գիտական աշխատանք, գիտական հիմնարկ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն այս ոլորտում դառնում է տարածաշրջանի առաջատար պետություններից մեկը»,- ասում է Գիտության պետական կոմիտեի նախագահը։

Նմանատիպ նյութեր