211652_close_icon
views-count865 դիտում article-date 13:37 05-07-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձումասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող եւ երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից եւ դրանում կատարված փոփոխություններից հետո միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եւ ներկայումս ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին: Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ նախատեսված` մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում: Սիրելի հայրենակիցներ, իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու եւ գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարեւոր գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ, մրցունակ ու բարեկեցիկ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն եւ հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության եւ զարգացման»:

Նմանատիպ նյութեր