211652_close_icon
views-count9313 դիտում article-date 15:30 30-06-2014

Լարված իրավիճակ՝ Վարդենիսում. բնակիչները սպառնում են դիմել ավելի կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 29-ին, այնտեղ ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած ավերածություններից հետո բնակիչները ստիպված փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են, որպեսզի Վարդենիս ժամանեն կառավարության ներկայացուցիչները՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին քննարկելու տուժած քաղաքացիներին դրամական կամ շինանյութի տեսքով օգնություն տրամադրելու հարցը: Բնակիչների հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոլյանը, ով ասում էր, որ առավոտյան մարզպետը կայցելի իրենց, սակայն բնակիչները պահանջում էին հանդիպումը կազմակերպել այսօր: Ի դեպ, մի քանի վարդենիսցիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ իրավիճակին ծանոթ է նաև իրենց քաղաքապետը, սակայն նա չի բարեհաճում Ֆրանսիայից ժամանել Հայաստան: Ըստ վարդենիսցիների՝ նա գտնվում է Ֆրանսիայում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/19147/]Վարդենիսից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], երեկ՝ հունիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ժամը 16:00-16:30-ի սահմաններում բարձրացած փոթորիկը, կարելի է ասել, հիմնովին պոկել ու կոտրել էր Վարդենիս քաղաքի Սախարով, Երևանյան, Սպենդիարյան փողոցների գրեթե բոլոր բնակելի տների տանիքները, պատուհանները: Անգամ արմատախիլ էր արել հաստաբուն ծառերը: Ողջ Վարդենիսում անջատված է եղել էլեկտրականությունն ու դադարեցված է եղել գազամատակարարումը, քանի որ բազմաթիվ տների գազի խողովակներ պոկվել էին և կոտրվել էին էլեկտրասյուները: Բնակիչները միմյանց օգնելով ցելոֆանով փակել էին տանիքները, պատուհանները, իսկ Գեղարքունիքի մարզպետարանից ու Վարդենիսի քաղաքապետարանից ոչ մի չինովնիկ չկար քաղաքացիների կողքին: Որպես «նմուշ», 2 հոգի եկել և ներկայացել էին որպես քաղաքապետարանի աշխատակիցներ, «մեծ մտածողի նման» նայել ավերածություններն ու «Նոյի ագռավի» նման հեռացել: Ըստ նախնական հաշվարկի՝ վնասի չափն անցնում է մի քանի միլիոնը: Բնակիչները չգիտեն, ինչ անեն, միայն գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տարեց բնակիչներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման արհավիրք վերջին 50 տարիների ընթացքում իրենք չեն տեսել: Տների մեծ մասն էլ վնասվելու են անձրևից, և բաց տանիքից ներս թափվող անձրևը, պարզ է, թե ինչ հետևանքներ կբերի: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 1000-ից ավելի բնակիներ «մնացել են կոտրած տաշտակի առաջ», և չի բացառվում, որ այդ գիշեր անցկացնեն բաց երկնքի տակ: Քաղաքացիների կարծիքով՝ կառավարությունը ձեռք կմեկնի իրենց և գոնե շինանյութով կապահովի, սակայն չգիտես՝ ձեռք կմեկնե՞ն, թե՞ ոչ, թե՞ հերթական հանձնաժողովը կստեղծվի, կգան տուժածների «ականջներից լապշա կկախեն ու մրրիկ ու քամի բարձրացնելով»՝ կհեռանան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր