211652_close_icon
views-count1463 դիտում article-date 21:30 28-06-2014

Հավասարություն չկա՛, ի՞նչ հավասարություն

Հարցաքննության ժամանակ քննիչը հարցնում է. Ինչո՞ւ էիր մասնակցում հանրահավաքին: Կարծում եմ, որ հանրահավաքները կարող են նպաստել ժողովրդավարության զարգացմանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանմանը, և որ Ազատությունը, Հավասարույթունը, Եղբայրությունը դառնան գերակա արժեքներ,- պատասխանում է ցուցարարը: Հավասարություն չկա, ի՞նչ հավասարություն: Ես քեզ հարց եմ տալիս, դու ձեռ ես առնո՞ւմ,- բարկանում է քննիչը: ... Այս երկխոսությունը հորինվածք չէ: Սա եղել է անձամբ ինձ հետ 2008-ի ապրիլի 7-ին: Սակայն հարցն այն է, որ հետադարձ հայացքով գնահատելիս, կարելի է ասել, որ քննիչը, ինքան էլ քաղաքականապես տգետ էր, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ասում էր. «Հավասարություն չկա, ի՞նչ հավասարություն»: Այն իրոք չկա: Եվ դա ցավալի է: Սակայն այդ մտահոգությունը չունեն մշակութային գործիչները, որովհետև հավասարություն մասին երգ, բանաստեղծություն, պատմվածք չի գրվում, ֆիլմ չի նկարվում: Այն իրոք հասարակական արժեք չէ, չնայած որ ամրագրված է Սահմանադրության մեջ և օրենքներում: Հավասարությունն այսօր շատերն ընկալում են նախկին սովետական համակարգի համատեքստում: Այնինչ խորհրդային ժամանակներում բոլորը հավասարապես իրավազուրկ էին. չունեին սեփականության իրավունք, քաղաքական և քաղաքացիական իրավունքներ, ազատություններ, և բոլորն աղքատ էին: Այդքանով էին հավասար: Իսկ քաղաքացիական հասարակությունում հավասարությունը հիմնարար արժեք է: Բոլոր քաղաքացիները հավասար պիտի լինեն: Առանց այդ հավասարության ժողովրդավարական համակարգը կճեղքվի, կայլասերվի՝ այնպես, ինչպես ներկայում: Հավասարության, որպես գերակա արժեքի, հաստատման համար իսկապես լուրջ դեր ունեն մշակութային-հոգևոր գործիչը, գրողը, երգիչը, ուսուցիչը, քահանան: Եթե քահանան թանկարժեք մեքենա է վարում և այդպիսով փորձում է ընդգծել իր տարբերությունը հոտից, եթե երգիչը միայն վավաշոտության մասին է երգ գրում ու դրանով իրեն է առաջարկում իր երկրպագուներին, եթե գրողը միայն սահմանային իրավիճակների մասին է գրում, դրանով ցնցելով ընթերցողի միտքը, ապա կարելի ասել, որ առկա է լուրջ մշակութային բարոյական ճգնաժամ: Ահա այսօրինակ մշակութային, արժեքային ճգնաժամի պայմաններում իրոք. «Ի՞նչ հավասարություն, հավասարություն չկա»: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր