211652_close_icon
views-count1121 դիտում article-date 20:09 26-06-2014

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ճարտարապետների հետ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հանդիպումների շրջանակում քննարկվում են թեքահարթակների կառուցման հետ կապված հարցեր: Հերթական հանդիպման ժամանակ նշվել է, որ մայրաքաղաքի 536 հասցեներում նախկինում կառուցված հանրային նշանակության շենքերում, քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության շրջանակում, հնարավոր է իրականացնել անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակների կառուցում: Նշված բոլոր կառույցներին Երևանի քաղաքապետարանի կողմից անվճար տրամադրվել են համապատասխան նախագծերը: Ավելին, նշված հասցեներից 171-ում արդեն իսկ իրականացվել են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետի օգնականը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ թեքահարթակների կառուցման ընթացքի նկատմամբ հսկողությունը ամենօրյա է, ընդ որում՝ այդ հարցում իրենց ակտիվ և գործուն մասնակցությունն են ունենում նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հատկանշական է, որ նման աշխատակարգը հաջողությամբ իրականացվում է 2013թ.-ից սկսած, երբ համայնքային բյուջեից առաջին անգամ գումար տրամադրվեց մայրաքաղաքի փողոցները թեքահարթակներով ապահովելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ բոլոր հասցեները, ինչպես նաև թեքահարթակների չափորոշիչների համապատասխանությունը հաստատվում է շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Նույն սկզբունքով 2014 թվականին արդեն կրկնապատկված գումարով նախապես հաստատվել են այն շուրջ 200 առաջնային հասցեները, որտեղ 40 մլն դրամի սահմանում հնարավոր է թեքահարթակների կառուցումը: Ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի ամբողջ տարածքը: Ըստ այդմ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 76 թեքահարթակ, որոնք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում ստացել են դրական գնահատական: Հիշեցնենք նաև, որ «Հարմարավետ քաղաք բոլորի համար» սկզբունքով վերը նշված և մի շարք այլ ծրագրերին զուգահեռ, 2014 թվականին շահագործման կհանձնվի սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար հատուկ վերելակներով կահավորված 10 ավտոբուս: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր