211652_close_icon
views-count1258 դիտում article-date 20:22 24-06-2014

Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել

Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը հաստատելու համար: ՀՀ ԿԳՆ 2 տարի առաջ դիմել է բուհերին՝ բուհական մասնագիտությունների ցանկի հստակեցման նպատակով: Ի թիվս այլ բուհերի՝ տնտեսագիտական համալսարանը նույնպես անցկացրել է քննարկումներ, որոնց արդյունքում ձեւավորվել է մասնագիտական հստակ տեսակետ: Տնտեսագետ-գիտնականները ներկայացրին իրենց հավաքական տեսակետը՝ կարծիք հայտնելով, որ տնտեսագիտական մասնագիտությունների ցանկը կազմելիս պիտի առաջնորդվել աշխատաշուկայի պահանջով եւ չսահմանափակել ցանկը: ՀՀ ԿԳ նախարարության տեսակետը ներկայացրեց նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել: Ըստ նախարարի՝ Հայաստանում տնտեսագիտության ոլորտում առկա 18 մասնագիտությունների փոխարեն այժմ առաջարկվում է 6-ը: Նրա խոսքով՝ կրթությունն ամբողջ աշխարհում զարգանում է, փոխվում են միջազգային կրթության չափորոշիչները եւ բուհական մասնագիտությունների ցանկերը կազմվում են՝ ելնելով ժամանակի պահանջից: Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանեց ԱԺ պատգամավորների եւ տնտեսագետների հարցերին:

Նմանատիպ նյութեր