211652_close_icon
views-count872 դիտում article-date 23:18 20-06-2014

Հայ-լիտվական համագործակցության հեռանկարներ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում Լիտվայի հետ համագործակցության հեռանկարները: «Մեր երկրները համատեղ ծրագրեր են իրականացնում հիմնականում վերարտադրողական, հանրային և հոգեկան առողջության ուղղությամբ։ Այդ համագործակցությունն իրականացվում է հիմնականում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային անդամ-պետությունների հետ համագործակցության շրջանակներում»,-նշեց Արմեն Մուրադյանը։ Նախարարը կարծիք հայտնեց, որ լիտվացի գործընկերների համար հետաքրքիր կարող է լինել Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում գրանցած լուրջ ձեռքբերումները: Լիտվայի Հանրապետության դեսպանը շնորհավորեց առողջապահության նախարարին պաշտոնը ստանձնելուկապակցությամբ: «Հույս ունեմ, որ Հայաստանում իմ առաքելության ընթացքում մեզ կհաջողվի բարեկամական և աշխատանքային մթնոլորտ ձևավորել»,-նկատեց Էրիկաս Պետրիկասը` հավելելով, որ 2001-2005 թվականներին` Ժնևում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին սերտ է եղել իր առնչությունը առողջապահական ոլորտի հետ: «Ինձ համար կարևոր նպատակ է, որպեսզի մեր երկրների մասնագետներն հնարավորություն ունենան համագործակցելու միմյանց հետ»,- շեշտեց Պետրիկասը: Որպես համագործակցության կարևոր ուղղություն խոսվեց ինչպես ուսանողների, այնպես էլ` բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերի մասին, որոնց իրականացման գործում Լիտվան կարող է աջակցել Հայաստանին: Դեսպանն առաջարկեց ստորագրել առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության միջգերատեսչական համատեղ համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի հստակեցնելու համագործակցության հետագա ծրագրերը: Դիվանագետը նախարարին հրավիրեց առաջիկայում աշխատանքային այց կատարել Լիտվա, ինչն ընդունվեց:

Նմանատիպ նյութեր